Եգիպտոսը 1920-1930 թթ. (մաս 3)
Վարկաբեկված և արքունիքի ու բրիտանական իշխանությունների կամակատար դարձած կառավարությունը 1934 թ. հարկադրված էր հեռանալ իշխանությունից, իր ուժը կորցրած համարվեց 1930 թ. սահմանադրությունը, և չեղյալ համարվեց այդ նույն թվականին ընդունված ընտրական օրենքը։ Երկար ձգձգումներից հետո ի վերջո Անգլիայի համաձայնությամբ իշխանությունները հարկադրված էին վերականգնել ու գործողության մեջ դնել 1923 թ. սահմանադրությունը։ Այդ ամենը կարելի է համարել Եգիպտոսի ազգային և հայրենասիրական ուժերի մեծ հաղթանակը։ 1936 թ. մայիսին՝ 1923 թ. սահմանադրությունը վերականգնելուց հետո, Եգիպտոսում տեղի ունեցան խորհրդարանական առաջին ընտրությունները, որոնք ավարտվեցին դարձյալ «Վաֆդ» կուսակցության համոզիչ հաղթանակով, կառավարություն կազմելը, բնականաբար, հանձնարարվեց «Վաֆդի» առաջնորդ Մուստաֆա Նահասին։ Այս անգամ դա սովորական հաղթանակ չէր, որովհետև Նահասի կառավարության հետ կապվում էին հատուկ հույսեր անգլո-եգիպտական պայմանագիր կնքելու վերաբերյալ։ «Վաֆդի» դիրքորոշումն այդ հարցում զգալի փոփոխությունների էր ենթարկվել։ Նա հույս ուներ նախատեսվող պայմանագրում ներառել այնպիսի հոդվածներ, որոնց շնորհիվ կնվազեր կախվածությունն Անգլիայից, և կթուլանային անգլիական քաղաքական ու ռազմական դիրքերը Եգիպտոսում։ Պայմանագիրը ստորագրվեց 1936 թ. օգոստոսի 26-ին Լոնդոնում։ Նրա պաշտոնական անվանումն էր «Դաշինքի վերաբերյալ պայմանագիր Եգիպտոսի և Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև»։ Պայմանագիրը ստորագրեցին Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Նահասը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Իդենը, որը համարվում էր բրիտանական դիվանագիտության բարձրացող աստղը։ Առաջին հոդվածով պաշտոնապես դադարում էր Եգիպտոսի ռազմական օկուպացիան Անգլիայի կողմից։ Անգլիայի և Եգիպտոսի միջև հաստատվում էր դաշինք, կողմերը պարտավորվում էին փոխադարձ խորհրդակցություններ անցկացնել այլ պետությունների հետ հակամարտության դեպքում։ Եգիպտոսը պարտավորվում էր Անգլիային տրամադրել իր իշխանության տակ գտնվող բոլոր հնարավորությունները և օգնություն, ներառյալ նավահանգիստները, օդանավակայանները և հաղորդակցության միջոցները։ Պայմանագրի համաձայն՝ անգլիական սպաները հետ էին կանչվում եգիպտական բանակից, բայց դրա փոխարեն Եգիպտոսը հրավիրում էր բրիտանական ռազմական առաքելություն՝ վարժեցնելու եգիպտական բանակը։ Վերացվում էր Եգիպտոսում անգլիական գլխավոր կոմիսարի պաշտոնը, և այդուհետ բրիտանական ներկայացուցիչը լինելու էր դեսպանը, որն օգտվելու էր ավագության իրավունքից: Անգլիան միաժամանակ պարտավորվում էր պաշտպանել Եգիպտոսի թեկնածությունն Ազգերի լիգայի անդամության համար: Փոփոխություն տեղի ունեցավ նաև Սուդանի հարցում, որը Եգիպտոսի համար շատ հիվանդագին հարց էր: Անգլիան համաձայնվում էր վերականգնել նախկին կարգավիճակը՝ անգլո-եգիպտական կոնդոմինիմումը, և եգիպտական զորքերն իրավունք էին ստանում վերադառնալու Սուդան: 1937 թ. մայիսին Եգիպտոսը դարձավ Ազգերի լիգայի անդամ, ինչը նպաստում էր նրա միջազգային դիրքերի ամրապնդմանը և հեղինակության բարձրացմանը:
Սակայն պայմանագիրը միանշանակ չընդունվեց Եգիպտոսում նրա տարբեր քաղաքական ուժերի կողմից: «Վաֆդը», նրա ղեկավար Մուստաֆա Նահասը և վերջինիս զինակիցները գոհ էին պայմանագրից և խոսքեր չէին խնայում այն գովաբանելու համար: Նահասը պայմանագիրը բնութագրեց որպես պատվի և անկախության պայմանագիր: Ազգայնական և հայրենասիրական ուժերի որոշ թևեր իրենց դժգոհությունը հայտնեցին պայմանագրի ստորագրման կապակցությամբ և բողոքի ելույթներ կազմակերպեցին՝ որակելով այն որպես մի պայմանագիր, որը Եգիպտոսի վրա հաստատեց քողարկված պրոտեկտորատ: Շուտով «Վաֆդի» շարքերում ևս առաջացան տարաձայնություններ: 1936 թ. մահացավ Ֆուադ I-ը, և գահն անցավ նրա որդուն՝ Ֆարուկ I-ին: Վերջինս 1937 թ. դեկտեմբերին ցրեց խորհրդարանը, որից հետո Նահասի կառավարությունը հրաժարական տվեց: Այս կառավարության անկումից հետո կառավարությունը գլխավորեց Մուհամմադ Մահմուդը՝ Եգիպտոսի հետադիմական ուժերի ամենահայտնի պարագլուխներից մեկը: Նրա կառավարությունը գոյատևեց մինչև 1939 թ. օգոստոսը, երբ նրան փոխարինելու եկավ նոր կառավարություն, որը գլխավորեց թագավորական գրասենյակի պետ, խոշոր ֆինանսիստ կալվածատեր Ալի Մահիրը, որը համարվում էր ամենահետադիմական գործիչներից մեկը Եգիպտոսի քաղաքական ասպարեզում:
«Եգիպտոսը 1920-1930 թթ.» վերլուծության երկրորդ մասը կարող եք կարդալ այստեղ։
Ավելացնել նոր մեկնաբանություն