Հուլուսի Աքարը Շվեդիային և Ֆինլանդիային մեղադրել է Անկարայի պահանջները չկատարելու մեջ
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Շվեդիային և Ֆինլանդիային մեղադրել է ահաբեկչության դեմ պայքարի հարցում Անկարայի պահանջները չկատարելու մեջ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Աքարը շեշտել է, որ սկանդինավյան երկու երկրները ցանկանում են ստանալ Թուրքիայի աջակցությունը պաշտպանության և անվտանգության համար, բայց միևնույն ժամանակ մերժում են ահաբեկչության դեմ պայքարելու Անկարայի պահանջները։ Նա նշել է, որ Թուրքիան Շվեդիայից և Ֆինլանդիայից ակնկալում է պետության հզորության ցուցադրում՝ պարտավորությունները կատարելու համար։
«Եթե համապատասխան քայլեր արվեն, Թուրքիան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը դրա ուղղությամբ, մենք դրա հետ կապված խնդիրներ չունենք»,- ասել է Աքարը։
Վերջինս նշել է, որ Անկարան սկանդինավյան այս երկրների նկատմամբ թշնամաբար տրամադրված չէ և սկզբունքորեն դեմ չէ ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցությանը։ «Ինչպես այս երկրներն են ցանկանում համագործակցել ՆԱՏՕ-ի հետ անվտանգության ոլորտում, այնպես էլ մենք ենք հանդես գալիս ահաբեկչության դեմ պայքարում դաշնակիցների հետ համագործակցության օգտին»,- ասել է նա։
Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտնել է նաև, որ «ստոր ու նսեմ նախաձեռնություններն անտեսելն անընդունելի դիրքորոշում է»։ Նրա խոսքով՝ իրադարձությունների այսպիսի զարգացման դեպքում հարցերի վերաբերյալ Անկարայի վերաբերմունքը շատ պարզ և հստակ կլինի։
Հիշեցնենք, որ վերջերս Ստոկհոլմում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ այրել են Ղուրանը, օրեր առաջ էլ ցուցարարները Թուրքիայի նախագահ Էրդողանի խրտվիլակը գլխիվայր կախել են Ստոկհոլմի քաղաքապետարանի դիմաց, ինչն առաջացրել է Անկարայի կոշտ արձագանքը։
Ավելացնել նոր մեկնաբանություն