Իրանի գլոբալ մեկուսացման քաղաքականությունը ձախողվել է. Աբդոլլահիան
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է՝ Իրանին գլոբալ մեկուսացման ենթարկելու քաղաքականությունը ձախողվել է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։ Աբդոլլահիանը շեշտել է, որ երկիրը տարբեր բազմակողմ կառույցների, այդ թվում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության միջոցով կօգտվի վերջիններիս ընձեռած հնարավորություններից և կխորացնի փոխգործակցությունն անդամ երկրների հետ։
Նրա խոսքով՝ Իրանը կտրականապես դեմ է միակողմանիությանը և միևնույն ժամանակ առավելագույնս օգտվում է բազմակողմանիության շրջանակում առկա հնարավորություններից։
«Բացի դրանից՝ Իրանը կշահի տարածաշրջանի աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական և աշխարհառազմավարական իրավիճակից»,- ասել է նա:
Իրանի գլխավոր դիվանագետը հավելել է, որ Իրանը գտնվում է հյուսիսը հարավին և արևելքն արևմուտքին կապող հիմնական տարանցիկ երթուղիներից մեկում։ «Մենք օգտվում ենք հնարավորությունների ամբողջ շրջանակից, և մյուս կողմերը նույնպես շահում են այս փոխգործակցությունից»,- նշել է նա։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես կողմնակից է եղել բազմակողմանիությանը և այս համատեքստում խորացրել է իր համագործակցությունը նմանատիպ դիրքորոշում ունեցող այլ երկրների հետ։ Թեհրանի համար սա միևնույն ժամանակ լավ հնարավորություն է՝ հաղթահարելու արևմտյան երկրների սահմանած պատժամիջոցների հետևանքները։
Ավելացնել նոր մեկնաբանություն