Իրանը կարևորում է ԱՄԷ-ի հետ հարաբերությունների զարգացումը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպում է ունեցել Աբու Դաբիում Իրանի նորանշանակ դեսպան Ռեզա Ամերիի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Ադդոլլահիանն ընդգծել է Իրանի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունների կարևորությունը, ինչպես նաև դրանք հետագայում ընդլայնելու ուղղությամբ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։
Իրանի արտգործնախարարն ուշադրություն է հրավիրել հարևան պետությունների միջև հարաբերությունների ամրապնդման կարևորության վրա։ Նա այս համատեքստում կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել ԱՄԷ-ում բնակվող իրանցիների գործերին և հաջողություններ մաղթել Աբու Դաբիում իր երկրի նոր դեսպանին։
Դեսպան Ռեզա Ամերին շնորհակալություն է հայտնել Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին։ Նա նշել է, որ առավելագույն ջանքեր կգործադրի՝ երկու երկրների հարաբերություններն ավելի զարգացնելու համար։
#Դետքի_հետագծով
Իրանը կարևորում է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունների ամրապնդումը, այս համատեքստում ընթացիկ տարվա ապրիլին Իրանն ութամյա ընդմիջումից հետո այդ երկրում կրկին դեսպան նշանակեց։
ԱՄԷ-ն նվազագույնի էր հասցրել Իրանում դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև լարվածության ֆոնին։ Սաուդյան Արաբիայում շիա հոգևորականի մահապատժից վրդովված իրանցի ցուցարարները հարձակվել էին Իրանում գտնվող դիվանագիտական ներկայացուցչությունների վրա, ինչից հետո Սաուդյան Արաբիան խզել էր Իրանի հետ հարաբերությունները, սակայն այս տարվա մարտին երկու երկրները Չինաստանի միջնորդությամբ վերականգնեցին դրանք։
Ավելացնել նոր մեկնաբանություն