Submitted by D.Guyumjyan on
DETQ

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի հրթիռային ծրագրի դեմ 

ԱՄՆ-ն արձագանքել է Իրանի կողմից նոր հիպերձայնային հրթիռի շնորհանդեսին և այս շրջանակում նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի բալիստիկ հրթիռների մշակման ծրագրի դեմ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։ Հաղորդվում է, որ Սպիտակ տան պաշտոնյաներն Իրանի գործողություններն անվանել են «ապակայունացնող»։ 

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտնել է, որ «Բայդենի վարչակազմը շատ հստակ և վճռականորեն կասեցնում է տարածաշրջանում Իրանի ապակայունացնող գործողությունները, ներառյալ բալիստիկ հրթիռների կատարելագործված ծրագրի զարգացումը»։ 

«Ես չեմ խոսի այդ ենթադրյալ գերձայնային հրթիռի վերաբերյալ կոնկրետ հաղորդագրությունների մասին, բայց մենք շատ հստակ պատժամիջոցներ ենք սահմանել և այլ միջոցներ ենք ձեռնարկել տարածաշրջանում Իրանի գործողություններին դիմակայելու համար՝ ներառյալ նրանց բալիստիկ հրթիռների ծրագիրը»,- ասել է նա։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել էր, որ իրանական նոր հրթիռն ունի մինչև 1400 կմ հեռահարություն: 

#Դետքի_հետագծով 

ԱՄՆ-ն կարևորում է հատկապես Իրանի ռազմարդյունաբերության ոլորտի նկատմամբ կիրառվող սահմանափակումները, որպեսզի երկիրը չկարողանա խոչընդոտել տարբեր տարածաշրջաններում ԱՄՆ-ի ծրագրերի իրականացումը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ին անհանգստացնում է, որ իրանական նոր հրթիռն ունի 1400 կմ հեռահարություն, քանի որ դա մի փոքր ավելի պակաս է, քան Թեհրանի և Երուսաղեմի միջև օդային հեռավորությունը։

Ավելացնել նոր մեկնաբանություն