Submitted by D.Guyumjyan on
DETQ

Պարսից ծոցում անվտանգությունն ապահովելու համար արտատարածաշրջանային ուժերի կարիք չկա. ԻՀՊԿ ՌԾՈՒ հրամանատար

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունն ապահովելու համար անդրտարածաշրջանային ուժեր պետք չեն։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Թանգսիրին շեշտել է, որ Իրանը և հարևան երկրները համագործակցում են, ինչը երաշխավորում է ռազմավարական ջրային ճանապարհի անվտանգությունը: Նրա խոսքով՝ Պարսից ծոցը պատկանում է այս տարածաշրջանի երկրներին, և իրենք կարող են ապահովել դրա անվտանգությունը։

ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ ողջունել և ողջունում է դաշինքի ու Պարսից ծոցի երկրների համայնքի ռազմավարական սկզբունքը։ Նա նշել է, որ Թեհրանի քաղաքականությունը միշտ ուղղված է եղել դեէսկալացիային, ու երկիրը դա միշտ ապացուցել է գործնականում։

Թանգսիրին միևնույն ժամանակ բարձր է գնահատել ԻՀՊԿ-ի դերը Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման հարցում։

#Դետքի_հետագծով

Թեհրանը պարբերաբար քայլեր է ձեռնարկում երկրի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների մարտունակությունը բարձրացնելու համար և ստիպում մի շարք ազդեցիկ երկրների ընդունել տարածաշրջանում Թեհրանի գերակայությունը։ Միևնույն ժամանակ Պարսից ծոցի տարածաշրջանը չափազանց կարևոր նշանակություն ունի Իրանի համար, որտեղ փորձում է իր ազդեցությունը հաստատել նաև Իրանի գլխավոր հակառակորդ Միացյալ Նահանգները։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն