Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Մեքդադի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ Սիրիա կատարած այցի ընթացքում ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը՝ իրենց վճռականությունը հայտնելով այդ հարցում։
Աբդոլլահիանը նաև շնորհավորել է իր գործընկերոջը Սիրիայի և արաբական երկրների միջև հարաբերությունների վերականգնման կապակցությամբ։ Նա այս զարգացումն անվանել է դրական և կառուցողական։
Մեքդադն իր հերթին խոսել է այս իրադարձությունների մասին։ Վերջինս Արաբական լիգայի վերջին գագաթնաժողովին Սիրիայի նախագահի մասնակցությունը դրական քայլ է որակել։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը լուրջ ջանքեր է գործադրում ոչ միայն Սիրիայում քաղաքական կայունության հաստատման, այլև երկրի զինված ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ։ Սա բխում է նաև Իրանի շահերից, քանի որ նախորդ մեկ տասնամյակում Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի և վերջինիս դաշնակից պետությունների կողմից պրոքսի պատերազմ է մղվել նաև Իրանի դեմ, որը, արդեն կարող ենք փաստել, ձախողվել է։
Ավելացնել նոր մեկնաբանություն