Submitted by D.Guyumjyan on
DETQ

Չինաստանն Իրանի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշումն անվանել է երկակի ստանդարտների քաղաքականության օրինակ

Չինաստանի արտաքին գործերի նախարարության  խոսնակ Վան Վենբինգն Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մոտեցումն անվանել է երկակի ստանդարտների քաղաքականության օրինակ: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Վենբինգն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներից և Մեծ Բրիտանիայից Ավստրալիա 90%-ից ավելի հարստացված, զենքի համար նախատեսված ուրանի փոխանցումը բացահայտում է Իրանի նկատմամբ այդ երկրների երկակի չափանիշներն ու կեղծավորությունը։

«ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և որոշ այլ երկրներ հայտարարում են, որ չեն զիջելու և խստիվ արգելելու են Իրանին ստանալ բարձր հարստացված ուրան։ Այդուհանդերձ, երկու երկրները նախատեսում են 90%-ից ավելի բարձր հարստացված ուրան փոխանցել Ավստրալիա միջուկային սուզանավերի կառուցման գործում համագործակցության պատրվակով։ Այս հակասությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս նրանց կեղծավորությունը միջուկային զենքի չտարածման հարցում»,- հայտարարել է նա։

Չինաստանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է՝ Պեկինը կոչ է անում ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Ավստրալիային բարեխղճորեն կատարել միջուկային զենքի չտարածման վերաբերյալ իրենց միջազգային պարտավորությունները և դադարեցնել երկակի ստանդարտների ու քաղաքական շահարկումների քաղաքականությունը։

Նա միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ ՄԱԳԱՏԷ-ի քարտուղարությունը կհետևի կազմակերպության կանոնադրությանը և անդամ երկրների մանդատին, կկատարի իր պարտավորությունները չտարածման վերաբերյալ և կօգնի առաջ մղել միջկառավարական քննարկումների գործընթացը:

#Դետքի_հետագծով

Արևմտյան երկրները պարբերաբար հայտարարում են, որ թույլ չեն տա Իրանին թույլատրելի մակարդակից ավելի շատ ուրան հարստացնել, սակայն իրենք իրենց հերթին չեն պահպանում ուրան հարստացնելու թույլատրելի չափը։ Պեկինի կողմից նման հայտարարությունն ուղղված է հատկապես ԱՄՆ-ին, որով Չինաստանը փորձում է հակակշռել այդ երկրի ազդեցությունը։

Ավելացնել նոր մեկնաբանություն