Թեհրանը հայտնում է Բաքվի հետ բանակցությունների նոր փուլի մասին
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Թեհրանը և Բաքուն բանակցություններ են վարում երկկողմ լարվածությունը թուլացնելու համար։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ երկու երկրների արտգործնախարարները տարբեր պարբերականությամբ բանակցությունների չորս փուլ են անցկացրել։ Նա նշել է, որ բանակցությունների վերջին փուլի ընթացքում որոշ քայլեր են համաձայնեցվել լարվածությունը նվազեցնելու և վեճերը լուծելու համար։
Քանաանին հայտնել է, որ երկու երկրների միջև տեղի է ունեցել պատվիրակությունների փոխանակում, և այդ բանակցությունների արդյունքում կայացել է արտաքին գործերի նախարարների բանակցությունների չորրորդ փուլը, որի ընթացքում կողմերի միջև ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում։
«Այժմ մենք բանակցությունների փուլում ենք՝ լարվածության փուլից նոր փուլ անցնելու համար, որպեսզի Թեհրանում կրկին Ադրբեջանի դեսպանատուն բացենք»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Իրանա-ադրբեջանական լարվածության ներկայիս փուլն առաջացել է այն բանից հետո, երբ այս տարի հունվարին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ հարձակում կատարվեց։ Այս հարձակումը Բաքուն որակեց որպես ահաբեկչություն, և Ադրբեջանը տարհանեց իր դեսպանատան ողջ անձնակազմը, մինչդեռ Թեհրանը հերքում է ահաբեկչության վարկածը։
Ավելացնել նոր մեկնաբանություն