Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանական ռազմանավերի վրա 2000 կմ հեռահարությամբ ուղղահայաց թռչող հրթիռներ են տեղադրվել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին հայտարարել է, որ իրանական ռազմանավերի վրա ուղղահայաց թռչող և 2000 կիլոմետր հեռահարությամբ հրթիռներ են տեղադրվել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

«Ներկայումս մենք նավեր և հրթիռներ ենք կառուցում երկրի ներսում, բոլոր նրանք, ովքեր տեսան այս տեխնիկան և Իրանի ռազմական հզորությունը, միաձայն ասում էին, որ իրենք չէին կարծում՝ այսքան գործ է արվել, և մենք հասել ենք այս կետին»,- ասել է նա:

ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարը նշել է, որ սա առաջին դեպքն է, երբ իրանական ռազմանավերի վրա նման հզորությամբ հրթիռներ են տեղադրվում։ Նրա խոսքով՝ այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Իրանը գտնվում էր ծանր պատժամիջոցների տակ։

«Մենք հասել ենք մի կետի, որ ռազմական սպառազինության հարցում մեծ քայլեր ենք կատարել, այնպես որ գտնվում ենք տարածաշրջանի առաջին մի քանի երկրների շարքում։ Թշնամին գիտի, թե մենք ինչ ենք անում, դրա համար էլ փորձում է այնպես անել, որ մենք չհասնենք մեր նպատակներին: Այդ պատճառով էլ խնդիրներ է առաջացրել»,-  եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Ուղղահայաց արձակման համակարգն առաջադեմ համակարգ է ծովային շարժական հարթակների, այդ թվում՝ վերջրյա նավերի ու սուզանավերի վրա հրթիռների պահպանման և արձակման համար: Սա Իրանի իշխանությունների ձեռնարկած հերթական քայլն է, որն ուղղված է երկրի զինված ուժերի մարտունակության բարձրացմանը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն