Իրանի ԱԳՆ խոսնակը Պարսից ծոցի երեք կղզիներն անվանել է Իրանի անբաժանելի մասը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Պարսից ծոցի երեք կղզիները՝ Աբու Մուսան, Մեծ Թոնբը և Փոքր Թոնբը, Իրանի անբաժանելի և հավերժական մասն են։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական «Mehr» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Քանաանին այս մասին ասել է՝ արձագանքելով Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ԱԳ նախարարների հայտարարությանը։
Քանաանին հույս է հայտնել, որ տարածաշրջանի երկրներն իրենց հայացքը կուղղեն դեպի ապագա և տարածաշրջանում համագործակցության համար նոր հնարավորություններ կստեղծեն: Նրա խոսքով՝ Պարսից ծոցի երկրները հավաքական պատասխանատվություն ունեն տարածաշրջանի շահերն առաջ տանելու համար, իսկ Իրանը միշտ աջակցել է այս տարածաշրջանի երկրների երկխոսությանը և համագործակցությանը։
Նա միևնույն ժամանակ անտեղի է համարել Իրանի միջուկային ծրագրին առնչվող հարցերի վերաբերյալ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի հայտարարությունը։ Վերջինս նշել է, որ իրանական կողմն իր միջուկային խաղաղանպատակ ծրագրին հետևում է հարակից երկրների և ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության միջոցով:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ևս մեկ անգամ իր համագործակցելու պատրաստակամությունն է հայտնում՝ կայուն, անվտանգ, ապահով ու բարգավաճ տարածաշրջանի հասնելու համար»,- եզրափակել է նա:
#Դետքի_հետագծով
Աբու Մուսան, Մեծ և Փոքր Թոնբերը գտնվում են Պարսից ծոցի ռազմավարական տեսակետից կարևոր շրջանում: Դեռևս 19-րդ դարում զավթված լինելով Մեծ Բրիտանիայի կողմից՝ դրանք Լոնդոնի կողմից պաշտոնապես Թեհրանին են հանձնվել 1971 թվականին՝ Արաբական Ամիրայություների Դաշնության՝ որպես միասնական պետության կազմավորումից ոչ շատ առաջ: Այդ ժամանակներից շարունակվում է տարածքային վեճը երկու պետությունների միջև:
Ավելացնել նոր մեկնաբանություն