Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանի նախագահը նշել է, որ նոր աշխարհակարգը ձևավորվում է հօգուտ անկախ պետությունների

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին կարծում է, որ ներկայումս նոր աշխարհակարգ է ձևավորվում հօգուտ ազատության ձգտող, անկախ երկրների։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական «Mehr» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ռայիսին այս մասին ասել է Վենեսուելայի բարձրաստիճան պատվիրակությունների հետ համատեղ հանդիպման ժամանակ։

Իրանի նախագահը շեշտել է, որ ամբարտավան տերությունների դեմ դիմադրությունը հանգեցրել է նշանակալի ձեռքբերումների։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին Իրանի և Վենեսուելայի հարաբերությունների փոխադարձ տարատեսակ կարողությունները պահանջում են, որ երկու երկրների պայմանավորվածությունները հնարավորինս արագ կյանքի կոչվեն, և նրանց միջև հարաբերությունները բարձրացվեն ավելի բարձր մակարդակի։

Անդրադառնալով միջնաժամկետ հեռանկարում երկու երկրների միջև փոխանակումների ծավալը մինչև 10 մլրդ դոլարի հասցնելու ծրագրին՝ Իրանի նախագահն ընդգծել է, որ հաջորդ փուլում այդ թիվը կարող է հասցնել 20 մլրդ դոլարի։

Նա միևնույն ժամանակ Իրանի և Վենեսուելայի միջև հարաբերությունների խորացման ու ամրապնդման գործում կարևոր է համարել երկու երկրների միջև ավելի ակտիվ նավային գծերը, արդյունաբերական, հանքարդյունաբերական, էներգետիկ և դրամավարկային ու բանկային հարցերում համագործակցության ընդլայնումը։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բարձր է գնահատել Թեհրանի և Կարակասի միջև ռազմավարական հարաբերությունների պատմությունը։ Նա նշել է, որ իր երկրում ձևավորված նոր կառավարությունը նպատակ ունի էլ ավելի խորացնելու Թեհրանի հետ փոխգործակցությունը։

#Դետքի_հետագծով

Իրանական կողմը կարևորում է նաև Լատինական Ամերիկայի երկրների հետ փոխգործակցության խորացումը, որն ավանդաբար համարվել է ԱՄՆ-ի ազդեցության գոտիներից մեկը։ Այդ երկրներից մեկն էլ Վենեսուելան է, որի հետ Իրանն ունի բազմաթիվ ընդհանուր շահեր և այդ շահերից ելնելով՝ ամրապնդում է իր կապերը։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն