Իրանահայ պատգամավորը մտահոգություն է հայտնել Փաշինյանի և Ալիևի ստվերային պայմանավորվածությունների վերաբերյալ
Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանը մտահոգություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված կուլիսային պայմանավորվածությունների կապակցությամբ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։
Ըստ Շահվերդյանի՝ խոսքը մասնավորապես Հարավային Կովկասում սահմանների և քարտեզների փոփոխության մասին է՝ հաշվի առնելով Փաշինյանի և Ալիևի պայմանավորվածությունները։ Նրա համոզմամբ՝ չնայած հայկական կողմն ասում է, որ դեմ է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, սակայն փաստերը վկայում են, որ կողմերը քայլ առ քայլ մոտենում են միջանցքի գործարկմանը։
Պատգամավորը նշել է, որ այդ միջանցքը հակասում է Իրանի շահերին, քանի որ կսահմանափակի երկրի ներկայությունը Հարավային Կովկասում և կվնասի «Հյուսիս-հարավ» միջանցքին: Նա նշել է, որ այդ գործոններն իրենց հերթին կնպաստեն Մետաքսի ճանապարհի միջանցքին, որը, շրջանցելով Իրանը, ձգվում է Արևելյան Ասիայից Արևմտյան Եվրոպա։
Վերջինս հայտնել է նաև, որ եթե Արցախը հանձնվի Ադրբեջանին, ապա այդ երկիրը կբարձրացնի Զանգեզուրի շինծու հանրապետության հարցը, հետո Զանգեզուրի և այլ միջանցքների հարցը։ Նրա համոզմամբ՝ այդ պարագայում Բաքուն կհայտարարի, որ այդ շրջանը պետք է կապ ունենա Եվրոպայի, Թուրքիայի, Նախիջևանի և Ադրբեջանի հետ:
«Դա կսահմանափակի մեր մուտքը դեպի ԵԱՏՄ, Սև ծով և Վրաստան: Իսկ քանի որ Թուրքիան Նախիջևանով և Իրանի տարածքով Ադրբեջանի հետ շփում ունի, նման փոփոխությունների կարիք չկա: Արդեն երկար տարիներ Նախիջևանն Իրանի տարածքով կապ ունի Ադրբեջանի հետ: Սակայն նրանք ցանկանում են ստեղծել կեղծ հանրապետություն և Իրանին դուրս մղել Հարավային Կովկասի առևտրային շրջանակներից: Եվ դժբախտաբար այստեղ ակտիվ դերակատարություն ունի սիոնիստական ռեժիմը»,- ասել է նա։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը պարբերաբար հայտնել է, որ դեմ է նման միջանցքի գործարկմանը, քանի որ այն հակասում է իրանական կողմի շահերին։ Այն, որ իրանական կողմը խոչընդոտում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը, հայտարարել է անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նշելով, որ այս հարցում խնդիրը ոչ թե Հայաստանի, այլ Իրանի հետ է։
Ավելացնել նոր մեկնաբանություն