Տարածաշրջանային ճգնաժամերը պետք է լուծվեն հարևան երկրների փոխգործակցությամբ․ Իրանի ՊՆ փոխնախարար
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցության փոխնախարար Սեյեդ Մեհդի Ֆարահին կարծում է, որ տարածաշրջանային ճգնաժամերի լուծման ուղին հարևան երկրների մասնակցության և փոխգործակցության մեջ է։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Ֆարահին այս մասին ասել է Պակիստանի պաշտպանության փոխնախարար Միան Մուհամմադ Հիլալ Հուսեյնի հետ հանդիպման ժամանակ։
Սեյեդ Մեհդի Ֆարահին շեշտել է, որ Պակիստանում բազմաթիվ ճգնաժամերի պատճառն Արևմուտքի և ԱՄՆ-ի առավելապաշտական պահանջներն ու էքսպանսիոնիստական քաղաքականությունն են։ Նրա խոսքով՝ Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը, հատկապես ներկայիս կառավարությունում, հարևանների հետ հարաբերությունների զարգացումն է, և այս համատեքստում Պակիստանը կարևոր տեղ է զբաղեցնում Իրանի հարևանների շարքում։
Իրանցի պաշտոնյայի համոզմամբ՝ երկու երկրների պաշտպանական համագործակցությունը կարող է հանգեցնել հարաբերությունների ամրապնդմանը, վստահության խորացմանը և հարաբերություններում հակառակորդների կործանարար ազդեցության ու դերի նվազեցմանը։
Պակիստանի պաշտպանության նախարարությունը հանդիպման վերաբերյալ հայտնել է, որ վերջին տարիներին բավարար միջոցներ են ձեռնարկվել երկու երկրների սահմանները տնտեսական փոխանակումներով ուղեկցվող անվտանգ սահմանների վերածելու համար։
#Դետքի_հետագծով
Իրանի իշխանությունները մեծ կարևորություն են տալիս հարևանների, այդ թվում՝ Պակիստանի հետ հարաբերությունների և համագործակցության խորացմանը։ Նման քայլերով իրանական կողմը փորձում է հակակշռել արտատարածաշրջանային երկրների, հատկապես ԱՄՆ-ի ազդեցությունը։
Ավելացնել նոր մեկնաբանություն