Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանը սպառնալիքները վերածել է առաջընթացի հնարավորության. Ռայիսի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում էր պատժամիջոցներով ու սպառնալիքներով կասեցնել Իրանի ժողովրդի առաջընթացը, սակայն Իրանի ժողովուրդը սպառնալիքներն ու պատժամիջոցները վերածեց հնարավորության և առաջընթաց արձանագրեց։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Ռայիսին Վենեսուելա կատարած այցից հետո՝ չորեքշաբթի առավոտյան, ժամանել է Մանագուա՝ Նիկարագուայի հետ հարաբերությունները զարգացնելու և խորացնելու նպատակով։ Անդրադառնալով Իրանի Իսլամական հեղափոխության և Նիկարագուայի հեղափոխության համաժամանակյա հաղթանակին ու այս երկու հեղափոխությունների փոխազդեցությանը՝ Իրանի նախագահը բարձր է գնահատել  երկու երկրներում իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային հերոսներին։

Ռայիսին նշել է, որ անկախության, ազատության և արդարության ձգտումն Իրանի ու Նիկարագուայի ժողովրդի հեղափոխությունների ընդհանրություններն են։ Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է բոլոր ոլորտներում զարգացնել իր հարաբերությունները Նիկարագուայի հետ։

Իրանի նախագահը միևնույն ժամանակ կեղծ է անվանել Արևմուտքի՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին պնդումները։ Նա ասել է, որ Արևմուտքը, հատկապես ամերիկացիները, պետք է հարգի ժողովրդի քվեների վրա հիմնված համակարգերը, սակայն հակառակն է անում։

Էբրահիմ Ռայիսին անդրադարձել է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ձևավորման գործում ամերիկացիների ունեցած դերին և ահաբեկչության դեմ պայքարում Իրանի քաղաքականությանը։ Նա նշել է, որ չնայած նրանք հավակնում են պայքարել ահաբեկչության դեմ, սակայն սպանել են ահաբեկչության դեմ պայքարի հերոս Ղասեմ Սոլեյմանիին:

#Դետքի_հետագծով

Չնայած ամերիկյան կողմի սահմանած բազմաթիվ պատժամիջցներին՝ Իրանը փորձում է ամեն կերպ շրջանցել դրանք կամ հնարավորինս մեղմել դրանց ազդեցությունը։ Այս ճանապարհին Թեհրանը խորացնում է իր համագործակցությունը հատկապես այն երկրների հետ, որոնք ունեն այս նույն մոտեցումները։

Ավելացնել նոր մեկնաբանություն