Submitted by D.Guyumjyan on
DETQ

Հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումն Իրանի արտաքին քաղաքականության կարևոր մոտեցումներից է. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ հարևան և տարածաշրջանային երկրների հետ հարաբերությունների ընդլայնումն Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության արտաքին քաղաքականության կարևոր մոտեցումներից է և հիմնական գերակայությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Սոբհանին շեշտել է, որ Իրանն իր աշխարհագրական դիրքի բերումով ունի 15 հարևան երկիր, ուստի հարևանների և տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններում տնտեսական, առևտրային, արդյունաբերական, մշակութային և զբոսաշրջային բոլոր կարողությունների ակտիվացումը կհանգեցնի երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացմանը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։

Նորանշանակ դեսպանն ասել է, որ Հայաստանի հետ Իրանի առևտրային փոխանակումների ծավալը հասել է ավելի քան 700 միլիոն դոլարի։ Նրա խոսքով՝ Իրանի կառավարությունը նպատակ է դրել ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի հետ և առևտրաշրջանառության ծավալը հասցնելու երեք միլիարդ դոլարի:

Անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը՝ Սոբհանին ասել է, որ իրանցի արտադրողներն ունեն այս շուկայում ներկա գտնվելու հնարավորություն և կարողություն։ Նա նշել է, որ արտաքին առևտրի զարգացումը կնպաստի երկրում զբաղվածության և արտադրության  բարգավաճմանը։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները մեծ նշանակություն են տալիս Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, և երկու երկրների համագործակցության մեջ մեծ տեղ ունի տնտեսական բաղադրիչը։ Բացի երկկողմ տնտեսական ամուր կապերից՝ Հայաստանն Իրանին հետաքրքրում է նաև ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում, քանի որ ՀՀ-ն կազմակերպության անդամ միակ երկիրն է, որի հետ Իրանն ունի ցամաքային սահմաններ։

Ավելացնել նոր մեկնաբանություն