Submitted by D.Guyumjyan on
DETQ

Սիոնիստական ռեժիմն այս պահին պասիվ վիճակում է. Ռայիսի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժման գլխավոր քարտուղար Զիյադ ալ-Նախալեի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ սիոնիստական ռեժիմը (նկատի ունի Իսրայելին - խմբ.) ներկա պահին պասիվ վիճակում է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Ռայիսին շնորհավորել է հանդիպման մասնակիցներին Գազայի վերջին պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ։ «Սիոնիստ թշնամին այսօր պասիվ վիճակում է, և դա վկայում է, որ Պաղեստինի «Իսլամական ջիհադը» և դիմադրության խմբերը շարժվում են ճիշտ ուղով»,- ասել է նա:

Իրանի նախագահի խոսքով՝ սիոնիստական ռեժիմի պայմաններն այսօր տարբերվում են 70 տարի առաջվանից, ուստի ռեժիմի ղեկավարները պետք է մտահոգվեն, որ այն չի թևակոխի իր ութերորդ տասնամյակը։ Նա նշել է, որ «Իսլամական ջիհադը» և պաղեստինյան դիմադրության մյուս խմբերը գտել են սիոնիստական ռեժիմի դեմ պայքարի գլխավոր բանալին։

«Հորդանան գետի արևմտյան ափի դիմադրության խմբերի աճող հզորությունը սիոնիստ թշնամուն ծնկի բերելու բանալին է, և այս ճանապարհը պետք է շարունակվի»,- հայտարարել է նա:

Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժման գլխավոր քարտուղար Զիյադ ալ-Նախալեն երախտագիտություն է հայտնել Պաղեստինի ժողովրդին Իրանի ցուցաբերած աջակցության համար։ Նա նաև Ռայիսիին ներկայացրել է պաղեստինյան վերջին զարգացումները։

#Դետքի_հետագծով

Իրանական կողմը և իսլամական աշխարհի գերակշիռ մասն իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում աջակցում են Պաղեստինին, իսկ Իսրայելին համարում թշնամի և արհեստածին պետություն։ Այս համատեքստում Իրանը համագործակցում է Պաղեստինում գործող զինված կազմավորումների հետ, որոնք պայքարում են Իսրայելի դեմ։

Ավելացնել նոր մեկնաբանություն