Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանի կառավարության խոսնակն անդրադարձել է երկրի արտաքին քաղաքականությանը

Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմին հայտարարել է, որ երկրի կառավարությունը հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարում՝ հաշվի առնելով աշխարհում առկա բոլոր հնարավորությունները։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Ջահրոմին շեշտել է՝ այն երկրները, որոնք հուսալի և կայուն գործընկեր են եղել Իրանի համար, առավել վստահելի գործընկերներ են հատկապես տնտեսական համագործակցության և գործընկերության ոլորտում։  Նրա խոսքով՝ կառավարության մոտեցումներն ուղղված են  հարևանության դիվանագիտությանը։

Անդրադառնալով Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների վերականգնմանը՝ իրանցի պաշտոնյան ասել է, որ հարևան երկրների միջև երկկողմ և բազմակողմ կարողությունների ու հնարավորությունների ակտիվացման շնորհիվ հնարավոր կլինի ապահովվել լայնածավալ փոխգործակցություն։

Ինչ վերաբերում է Իրանի նախագահի՝ Լատինական Ամերիկայի երկրներ կատարած այցելությանը, Ջահրոմին ասել է, որ պաշտոնական Թեհրանը կարևորում է Լատինական Ամերիկայի մի շարք երկրների հետ համագործակցության խորացումը։ Նրա խոսքով՝ Լատինական Ամերիկայի որոշ երկրների հետ Իրանի առևտրային փոխգործակցությունը քառապատիկ աճել է և այս այցերով դարձյալ կմեծանա։

#Դետքի_հետագծով

Իրանի արտաքին քաղաքականությունն ուղղված է մի շարք երկրների հետ հարաբերությունների ամրապնդմանը և հարաբերությունների խորացմանը, որն Իրանին թույլ է տալիս չեզոքացնել իր դեմ սահմանված պատժամիջոցների հետևանքները։ Սա լավ հնարավորություն է նաև Հայաստանի համար Իրանի հետ փոխգործակցությունը խորացնելու և առավելագույն օգուտներ քաղելու տեսանկյունից։

Ավելացնել նոր մեկնաբանություն