Submitted by H.Andreasyan on
Ի՞նչ է առաջարկվել Հայաստանին հոկտեմբերի 19-ին. ներկայացնում է Փաշինյանը

Ի՞նչ է առաջարկվել Հայաստանին հոկտեմբերի 19-ին. ներկայացնում է Փաշինյանը

«Հոկտեմբերի 20-ին էր, որ ի հայտ եկավ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ամենաշատ քննարկված և քննադատված դրվագը, թե իբր եղել է հնարավորություն Շուշին հայկական վերահսկողության ներքո մնալու պայմաններում կանգնեցնել պատերազմը, բայց ես այն բաց եմ թողել»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում:

Վարչապետը նշել է. «2020-ի հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահն ինձ ասաց, որ ադրբեջանական կողմն ունի ևս մեկ պայման, ակնկալում է երաշխիքներ, որ ադրբեջանցի փախստականները, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, հակամարտությունից առաջ կազմել են Շուշիի բնակչության 90 տոկոսը, վերադառնան Շուշի: Ռուսական կողմի համար սա ընկալելի առաջարկ էր, որովհետև նրանք ասում էին, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման ծրագրի մեջ, որը սեղանին էր եղել դեռ երկար տարիներ առաջ, միշտ էլ ներառվել է փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը ԼՂ: Սա է պատճառը, որ նոյեմբերի 9-ից հետո ԱԺ ամբիոնից հայտարարեցի, թե Շուշիի հարցը միշտ էլ բանակցային օրակարգում է եղել, որովհետև եթե ասվում է, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան ԼՂ, կարիք կա՞ պարզաբնելու, որ պետք է վերադառնան այն բնակավայրերը, որոնցում նրանք ապրել են նախկինում: Ինձ մեղադրում էին, որ եթե ես համաձայնվեի, որ ադրբեջանցիները վերադառնան Շուշի, այն կմնար հայկական վերահսկողության ներքո, և թեկուզ ադրբեջանցիներով բնակեցված՝ կլիներ հայկական: Անկեղծ ասած, այս ձևակերպումն ինքնին խնդրահարույց է:

Բայց երբ Շուշիի հարցը բարձրացավ, փորձեցի պարզել, թե ըստ առաջարկվող տարբերակի` ինչպիսի տեսք պիտի ունենան ադրբեջանցիների ակնկալած երաշխիքները: Այդ խոսակցության արդյունքում պարզվեց, որ ես պետք է հայտարարեմ, որ համաձայն եմ, որ ադրբեջանցի փախստականները վերադառնան Շուշի և Ղարաբաղի մյուս բնակավայրեր: ՌԴ նախագահն առաջարկեց, որ այդ հարցը փոխկապակցվածության մեջ դրվի ԼՂ-ի կարգավիճակի հետ, այսինքն՝ ԼՂ ադրբեջանցիների վերադարձի հարցը լուծվում է ԼՂ կարգավիճակի համատեքստում դրա վերաբերյալ ենթադրյալ որոշման հետ միաժամանակ: Ես այդ ձևակերպմանը համաձայնվեցի, բայց ադրբեջանական կողմը, ինչպես նախկինում, մերժել էր դա՝ ասելով, որ ինքը կարգավիճակի հետ կապված որևէ հարց պատրաստ չէ քննարկել:

Ավելին՝ այդ պահին արվող առաջարկի համաձայն՝ ոչ միայն Շուշիում ապրող, այլև բոլոր ադրբեջանցիները պետք է ուղիղ և անարգել հասանելիություն ունենային դեպի Շուշի, ասենք՝ 50 հազար ադրբեջանցի կարող է հյուր գնալ Շուշիում ապրող հայտնի չէ թե որքան ադրբեջանցու, և այստեղ որևէ սահմանափակում չի կարող լինել: Ընդհուպ կարող են գնալ և մնալ: Բայց ամենակարևոր հարցը՝ ինչպե՞ս է ապահովվելու նրանց տեղաշարժը: Պարզվեց, որ, օրինակ, Շուշին Ադրբեջանին կապող նոր ճանապարհ պետք է կառուցվի, որպեսզի ադրբեջանցիները Շուշի հասնելու համար Լաչինի միջանցքից կամ որևէ այլ ճանապարհից օգտվելու անհրաժեշտություն չունենան: Այդ ճանապարհը, օրինակ, կարող է լինել Կուբաթլիով, այսինքն, ըստ Ադրբեջանի այդ պահի առաջարկի, Շուշիում պետք է լիներ առնվազն 95 տոկոս ադրբեջանական բնակչություն՝ առանց հետագա ավելացման սահմանափակման կամ վերահսկման: Նրանք պետք է Շուշին Ադրբեջանին կապող առանձին ճանապարհ ունենային, որը պետք է լիներ իրենց վերահսկողության տակ: Սա նշանակում է, որ այնտեղ կարող են լինել նաև ադրբեջանական զինված ստորաբաժանումներ: Սա էլ իր հերթին նշանակում է, որ խոսքն առանց չափազանցության Շուշին Ադրբեջանին հանձնելու մասին էր:

Այն ժամանակ այդ առաջարկը չընդունելու պրակտիկ հիմնավորումներից մեկը հետևյալն էր. դա նշանակում էր, որ Լաչինի միջանցքը չի գործելու, որովհետև ադրբեջանցիները ցանկացած պահի կարող էին այն փակել, որովհետև Շուշին Լաչինի միջանցքի մեջ չէր մտնելու, իսկ Լաչինի միջանցքն անցնելու էր Շուշիից մի քանի մետր այն կողմ: Վերջին շրջանի իրադարձություններն այն ժամանակվա իմ կանխատեսումն ապացուցեցին բոլորիդ հայտնի հանգամանքներով: Բայց նույնիսկ սա հոկտեմբերի 19-ի ամբողջ խոսակցությունը չէր: Այդ օրվա առաջարկի համատեքստում հնչեց մի նոր գաղափար ևս՝ որպես պատերազմը դադարեցնելու լրացուցիչ պայման: Խաղաղապահներ պետք է տեղակայվեին ոչ միայն Ղարաբաղում և Լաչինի միջանցքի երկայնքով, այլև Մեղրիում՝ ապահովելու ադրբեջանցիների հաղորդակցությունը Նախիջևանի հետ: Ես չհամաձայնվեցի նաև դրան, չհամաձայնվեցի, որ Հայաստանի տարածքում ՀՀ վերահսկողության տակ չգտնվող շերտ, այսինքն՝ միջանցք ստեղծվի՝ ասելով, որ ճանապարհին համաձայն եմ, միջանցքին՝ ոչ:

Այսպիսով՝ հոկտեմբերի 19-ի առաջարկի համատեքստում պատերազմը կանգնեցնելու պայմանները հետևյալն էին. բոլոր 7 շրջաններն անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, ԼՂ կարգավիճակի հարցը թողնվում է անորոշ, ԼՂԻՄ-ի այդ պահին արդեն կորսված տարածքները մնում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ այդ պահին ԼՂԻՄ էական տարածքներն արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ էին: Շուշին վերը նկարագրված սցենարով հանձնվում է Ադրբեջանին, Մեղրիում տեղակայվում են խաղաղապահներ, և փաստացի ստեղծվում է միջանցք, այսինքն՝ մեր վերահսկողության ներքո չգտնվող շերտ՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող: Նման պայմաններին ես չէի կարող համաձայնվել, որքան էլ որ հասկանում էի իրադրության ծանրությունը: Հիմա, երբ հետահայաց նայում եմ, էլի չէի կարող համաձայնվել: Եթե որևէ մեկն ասում է, որ ինքը կհամաձայնվեր, թող բարձր հայտարարի այդ մասին»:

Ավելացնել նոր մեկնաբանություն