Իրանը կանխեց Սյունիքի գրավումը Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո. իրանահայ պատգամավոր
Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը հայտարարել է. «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում և դրանից հետո Թուրքիան ու Ադրբեջանը ցանկացել են իրենց տիրապետության տակ վերցնել Սյունիքը, սակայն Իրանը կանխել է դա»: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։
Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի և Ադրբեջանի հռետորաբանությանը՝ պատգամավորն ասել է, որ Բաքուն և Անկարան փորձում են Թեհրանին ուղերձ փոխանցել, որ իրենք իրենց նպատակները հետապնդելու են ամենալկտի և բիրտ ձևերով։ Նա կարծում է, որ եթե իսկապես Ադրբեջանին նման միջանցք տրամադրվի, ապա Իրանի համար մի շարք վտանգներ կառաջանան։
«Իրանի ճանապարհը դեպի հյուսիս կխափանվի, ցամաքային առումով տնտեսական կապը կխանգարվի, Հնդկաստանի և Հայաստանի հետ կապված հետագա ծրագրերը նույնպես կխափանվեն։ Աշխարհաքաղաքական առումով ևս խոչընդոտ ի հայտ կգա, քանի որ Իրանի հյուսիսում թուրանական պատնեշ կստեղծվի. դա աշխարհագրական և էթնիկ առումով վտանգ կառաջացնի»,- նշել է նա։
Բեգլարյանն ընդգծել է, որ Իրանը, հաշվի առնելով տարածաշրջանում իսրայելական և արևմտյան գործոնների առկայությունը, մինչև վերջին կետը կխուսափի ռազմական բախումից։ Նրա խոսքով՝ Իրանը փորձում է դիվանագիտական ճանապարհով լուծել խնդիրը, սակայն այն, որ վերջինս կունենա կամք իր անվտանգությունը պաշտպանելու համար, այս դեպքում՝ միջանցքի տրամադրման դեմ, փաստ է. Իրանի համար դա կարմիր գիծ է:
#Դետքի_հետագծով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանում հայտարարել էր, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում խնդիրը ոչ թե Հայաստանն է, այլ Իրանը: Իրանահայ պատգամավորն այս հարցում բնականաբար պաշտպանում է Իրանի պաշտոնական տեսակետը, որը դեմ է նման միջանցքի տրամադրմանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն