Submitted by detq-editor on
Ադրբեջանական բանակում ոչ մարտական պայմաններում մահերը չեն նվազում. պատճառը՝ կոռուպցիա և ոչ միայն

Ադրբեջանական բանակում ոչ մարտական պայմաններում մահերը չեն նվազում. պատճառը՝ կոռուպցիա և ոչ միայն

Ադրբեջանում գործող Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի տվյալներով՝ երկրի զինված ուժերում անցյալ տարի ոչ մարտական պայմաններում 58 զինծառայող է սպանվել։ 2021 թվականին այդ թիվն ավելին էր՝ 66։ Տվյալները հիմնված են պաշտոնական հայտարարությունների, լրատվամիջոցների, սոցիալական ցանցերից ու մահացած զինծառայողների ընտանիքներից ստացած տեղեկությունների վրա:

Դեռ 2013-ին տասնյակ ադրբեջանցիներ Բաքվի կենտրոնում փողոց էին դուրս եկել՝ Ալիևի վարչակազմից պահանջելով բանակում բարեփոխումներ իրականացնել։ Այդ պահանջներին իշխանությունը կոշտ արձագանքեց՝ ջրցան մեքենաներ կիրառելով ցուցարարների դեմ, բերման ենթարկվեցին բազմաթիվ քաղաքացիներ։ Նույն տարում, այդուհանդերձ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը պաշտոնանկ արվեց։ Սակայն մինչ օրս՝ տասը տարի անց էլ, ըստ ադրբեջանցի իրավապաշտպանների, ոչ մարտական պայմաններում զոհերի վիճակագրությունը չի բարելավվել։

«Ազատության» ադրբեջանական ծառայության ուսումնասիրության համաձայն՝ միայն այս տարվա առաջին հինգ ամսվա ընթացքում առնվազն 11 ադրբեջանցի զինծառայող է սպանվել խաղաղ պայմաններում։ Երեկ ադրբեջանական  լրատվամիջոցները հայտնել են ևս մեկ զինծառայողի մահվան մասին՝ որպես պատճառ նշելով ինքնասպանությունը։

«Ազատության» ադրբեջանական ծառայությունը շեշտում է՝ երկրի ռազմական և պետական այլ գերատեսչությունները հաճախ թաքցնում են զինվորների մահվան դեպքերը, չեն ներկայացնում նաև պաշտոնական վիճակագրություն։ Ըստ լրագրողական ուսումնասիրությունների՝ դեպքերի մեծ մասը, որպես կանոն, որակվում է որպես ինքնասպանություն։

Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Ջեսուր Սումերինլին խաղաղ պայմաններում ադրբեջանցի զինվորականների մահվան հիմնական պատճառը համարում է կոռուպցիան. «Ոչ մարտական կորուստների թիվը ոչ թե նվազում է, այլ ավելանում՝ չնայած Ադրբեջանի պաշտպանական բյուջեի ավելացմանը։ Իրականում հույս կար, որ զինված ուժերում բարոյահոգեբանական վիճակը և կարգապահությունը հավուր պատշաճի կլինեն, բայց տեսնում ենք հակառակը։ Թվերը խոսում են այն մասին, որ ռազմական բյուջեի ավելացումը մեծ ազդեցություն չի ունեցել զինված ուժերում կադրային կարգապահության վրա»։

Ռազմական փորձագետ Ազադ Իսազադեն նշում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ զորամասերում ոչ կանոնադրական հարաբերությունների դեպքերը նվազել էին։ Այժմ, նրա կարծիքով, քրեական բարքերը վերադառնում են։

«Զինդատախազությունը թաքցնում է այդ ամենը։ Բանակի հիմնական մասը ներկայումս գտնվում է ազատագրված տարածքներում, որտեղ բնակչություն չկա, փակ միջավայր է։ Քանի որ պատերազմական գոտի է, նրանք 24 ժամ զինված են։ Պետք է պարբերաբար հերթափոխ իրականացնել առաջնագծում, որպեսզի մարդիկ կարողանան հանգստանալ և այլն։ Հոգեբաններն ու հրամանատարները պետք է աշխատեն անձնակազմի հետ։ Եթե սրան ուշադրություն չդարձնեք, չի բացառվում, որ մահվան դեպքերը կարող են աճել»,- շեշտում է փորձագետը։

«Ազատության» ադրբեջանական ծառայությունը խնդրի վերաբերյալ հարցեր է ուղղել երկրի պաշտպանության նախարարությանը, զինվորական դատախազությանը, պետական սահմանային ծառայությանը։ Ադրբեջանի պետական այդ գերատեսչությունները լրատվամիջոցի հարցերը թողել են անպատասխան։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն