Submitted by D.Guyumjyan on
DETQ

Պուտինը ստորագրեց ռազմական դրության ռեժիմը խախտելու համար մեկամսյա կալանք սահմանող օրենքը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս 30 օրով կալանավորել ռազմական դրության ռեժիմը խախտելու համար։

Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ լրացումները, որոնք տուգանքներ և ձերբակալություն են նախատեսում ռազմական դրության ռեժիմի պահանջների խախտման համար, մտցվել են Պետդումա մայիսի կեսին։

Ներկայումս ռազմական դրություն է սահմանված ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ռուսական վերահսկողության տակ անցած Դոնեցկի, Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում։ 

Հիշեցնենք, որ Ռուսաստանում կեսգիշերից անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները: ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար:

Պրիգոժինն իր հերթին մեղադրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանն իր կազմակերպության դիրքերի ուղղությամբ միտումնավոր կրակ բացելու մեջ: Երեկ ուշ երեկոյան նա հայտարարել է, թե «արդարության երթ է սկսում» նախարարության դեմ` կոչ անելով ռուսաստանցիներին միանալ իրեն:

Ավելացնել նոր մեկնաբանություն