Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանի ՀՕՊ ուժերի հրամանատարը հայտնել է, որ երկրի արևմտյան սահմանների պաշտպանությունը ռազմավարական նշանակություն ունի

Իրանի Իսլամական Հանրապետության հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար Ամիր Սաբահի Ֆարդը հայտարարել է, որ երկրի արևմտյան սահմանների պաշտպանությունը ռազմավարական նշանակություն ունի Իրանի անվտանգության պաշտպանության հարցում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Ամիր Սաբահի Ֆարդն այցելել է Իրանի արևմուտքում գտնվող պաշտպանական գոտի, որտեղ ծանոթացել է այս ստորաբաժանման մարտունակությանն ու պաշտպանական պատրաստվածությանը։

«Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմի տարիներից սկսած՝ արևմտյան շրջանը կարևոր դեր ունի երկրի կանխարգելիչ ուժի ամրապնդման հարցում: Պաշտպանունակությունն ամրապնդելու նպատակով մեր օրակարգում է հակաօդային պաշտպանության ուժերի համալրումը ժամանակակից և ռազմավարական առաջադեմ սպառազինությամբ»,- ասել է նա։

Իրանի ՀՕՊ ուժերի հրամանատարը հավելել է, որ տեղական արտադրության սարքավորումները և պաշտպանական կարողությունների բարելավումն ուժեղացրել են երկրի արևմտյան օդային սահմանների մշտադիտարկման հնարավորությունը։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետությունն արևմուտքում սահմանակցում է Թուրքիայի և Իրաքի հետ։ Ներկայումս Իրանի և Թուրքիայի միջև որևէ խնդիր չկա, քանի որ սահմանների անվտանգության հարցում երկու երկրների շահերը համընկնում են, և վերջիններս ակտիվորեն համագործակցում են, սակայն Իրաքի պարագայում առկա են որոշ խնդիրներ, քանի որ Իրանի հետ սահմանակից շրջանների զգալի մասը չի գտնվում Իրաքի կենտրոնական կառավարության վերահսկողության տակ, և այնտեղ առկա քրդական ուժերը որոշակի սպառնալիք են ստեղծում Իսլամական Հանրապետության համար։

Ավելացնել նոր մեկնաբանություն