Ինչո՞վ է Հայաստանի Սահմանադրությունն անհանգստացնում Թուրքիային և Ադրբեջանին. թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու հարցում
Հուլիսի 5-ին Հայաստանում պետականորեն նշվում է Սահմանադրության օրը։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին կայացած համաժողովրդական հանրաքվեի միջոցով և դրանից հետո երկու անգամ՝ 2005 ու 2015 թվականներին փոփոխությունների է ենթարկվել, որոնցից առաջինով մեր երկիրը նախագահական կառավարման համակարգից անցում է կատարել կիսանախագահական, իսկ երկրորդով՝ կիսանախագահականից խորհրդարանական կառավարման համակարգի։
Սակայն հատկանշական է, որ Հայաստանի ներկայիս Սահմանադրությունն անհանգստացնում է Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին, և վերջիններս իրենց բազմաթիվ պահանջ-նախապայմանների հետ մեկտեղ պարբերաբար հայտարարում են, որ Հայաստանն իրենց հետ հարաբերությունները կարգավորելու համար պետք է նոր սահմանադրություն ընդունի։
Մասնավորապես, 2021 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի առաջին տարելիցի կապակցությամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությանը՝ նշելով, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը պետք է ընդունի նոր սահմանադրություն։ Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայիս Սահմանադրության տեքստը հղումներ է պարունակում «Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներին»: «Ինչպե՞ս կարող է Հայաստանի նման թույլ և ամբողջովին քանդված երկիրը տարածքային պահանջներ ներկայացնել այնպիսի հզոր երկրի նկատմամբ, ինչպիսին Թուրքիան է: Դա նման է հոգեկան հիվանդության: Հետևաբար, նրանք պետք է հրաժարվեն դրանից»,- նշել է նա։
Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները դժգոհում են այն հանգամանքից, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում հղում է կատարվում 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված ՀՀ անկախության հռչակագրին, որը Սահմանադրության բաղկացուցիչ մասն է և այնտեղ միանշանակ հղում է կատարվում նաև այն դրույթին, որն ասում է. «ՀՀ Սահմանադրությունը սատար է կանգնում Արևմտյան Հայաստանում և Oսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը»։ Այսինքն՝ Հայաստանի պետության հիմնադիր փաստաթղթում պետության ստեղծման հիմնական նպատակներից մեկն ամրագրվել է` Հայոց ցեղասպանության դատապարտման և ճանաչման գործընթացին աջակցելու պարտավորությունը։ Սա փաստացի նշանակում է, որ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը, չնայած իր սահմանափակ կարողություններին, չի հրաժարվում իր պատմական հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի նկատմամբ իրավունքներից, որոնք կարող է վերականգնել աշխարհաքաղաքական նպաստավոր իրողությունների պայմաններում։
Թուրքիան և Ադրբեջանը բնականաբար այս ամենը շատ լավ գիտակցում են և դրա համար էլ նախքան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը փորձում են լուծել նաև այս խնդիրը։ Նկատենք, որ Հայաստանի իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում փորձում են բավարարել նաև այս պահանջը։ Հայաստանում տևական ժամանակ է, ինչ սահմանադրական բարեփոխումների հարցով քննարկումներ են ընթանում, որոնք դեռևս չեն հանրայնացվել և դրվել հանրաքվեի։
Ամենևին չցանկանալով տուրք տալ դավադրությունների տեսությանը՝ կարծում ենք, որ փոփոխությունների արդյունքում ՀՀ մայր օրենքի տեքստից կհանվի վերոհիշյալ պարբերությունը, որպեսզի այն «չխոչընդոտի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը»։ Սակայն ցանկանում ենք մեր ընթերցողների ուշադրությունը հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ եթե անգամ Հայաստանը կատարի Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացրած հերթական պահանջը, ապա դրանից հետո նույնպես Հայաստանի հանդեպ այս երկրների դիրքորոշումը չի փոխվելու։
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին նախագահի պաշտոնավարման օրոք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրության հարցն ընդգրկված չէր Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունների շարքում, սակայն դա որևէ կերպ չնպաստեց, որ Թուրքիան կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները։ Բացի դրանից՝ Արցախյան հիմնահարցի օրինակով փաստենք, որ երբ 2020 թվականի ռազմական ագրեսիայի արդյունքում Արցախի տարածքի 75%-ը հայտնվեց Ադրբեջանի վերահսկողության տակ, դրանից Հայաստանի հանդեպ պահանջները ոչ միայն չպակասեցին, այլև ավելացան՝ ի դեմս այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» և այլն։
Այսպիսով՝ որքան էլ դժվար լինի, Հայաստանի Հանրապետությունը որևէ գնով չպետք է տեղի տա թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների կատարմանը, քանի որ դրանց կատարումից հետո մեր երկիրն ավելի է թուլանալու, իսկ վերոհիշյալ երկրների ախորժակն ավելի է մեծանալու, և վերջիններս նորանոր պահանջներ են ներկայացնելու Հայաստանին։
#Դետքի_հետագծով
Ավելացնել նոր մեկնաբանություն