Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանի փորձագիտական դաշտը կարևորում է երկրի լիիրավ անդամակցությունը ՇՀԿ-ին

Ինչպես արդեն տեղեկացրել է «Դետք»-ը, Իրանի Իսլամական Հանրապետությունը հուլիսի 4-ին պաշտոնապես դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ։ Իրանի փորձագիտական դաշտը բավականին ակտիվ արձագանքել է այս զարգացմանը՝ կարևորելով երկրի լիիրավ անդամակցությունը ՇՀԿ-ին։

Քաղաքագիտության դոկտոր, եվրասիական հարցերի հետազոտող Շոայբ Բահմանը «Sputnik»-ի թղթակցի հետ զրույցում ընդգծել է, որ կազմակերպության անդամների կարողություններն ու հնարավորությունները շատ բարձր են, և այդ հնարավորությունները կավելանան Իրանի անդամակցությունից հետո։  «Սովորաբար ՇՀԿ-ն կոչվում է Արևելքի ՆԱՏՕ, և բառի օգտագործումը ցույց է տալիս, թե որքան բարձր է զգայունությունն այս կազմակերպության և նրա անդամների միջև համագործակցության նկատմամբ»,- ասել է նա:

Միջազգային հարցերով իրանցի փորձագետ Մոջթաբա Ջալալզադեն հայտնել է, որ ՇՀԿ-ի անդամ երկրների հետ Իրանի ունեցած տնտեսական կապերը և այս շրջանակում ֆինանսական փոխանակումների ծավալը կարող են արդյունավետ միջոց լինել Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների ազդեցությունը շրջանցելու կամ նվազեցնելու համար։ Նրա համոզմամբ՝ ՇՀԿ-ի մեկ այլ անդամի՝ Ռուսաստանի վրա նույնպես ազդում են Արևմուտքի, ԱՄՆ-ի և Եվրոպայի տնտեսական պատժամիջոցները:

«Փաստորեն, որպես համաշխարհային տերություն՝ Ռուսաստանի Դաշնության և  որպես տարածաշրջանային ուժ՝ Իրանի Իսլամական Հանրապետության ու այլ ուժերի ներկայությունն այս դաշինքում ցույց է տալիս, որ ձևավորվում է նոր խումբ, որպեսզի նրանք կարողանան գործել Արևմուտքի միակողմանի և ճնշող քաղաքականության ու ճնշման լծակների դեմ»,- կարծում է փորձագետը։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները մեծ կարևորություն են տալիս ՇՀԿ-ին երկրի լիիրավ անդամակցության գործընթացին։ Դրա ևս մեկ ցուցիչ է այս զարգացման նկատմամբ իրանական փորձագիտական դաշտի բավականին մեծ հետաքրքրությունը: Փորձագետների մեծ մասը համոզված է, որ անդամակցության գործընթացը բխում է երկրի երկարաժամկետ շահերից։

Ավելացնել նոր մեկնաբանություն