Աբդուլաևան ֆրանսիական կայքին տված հարցազրույցում խոսել է Բերձորի միջանցքի մասին
Ֆրանսիական «Revue Conflits» կայքին տված հարցազրույցում Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան խոսել է Բերձորի (խմբ.) միջանցքից։
«Ճանապարհը փակ չէ: Նրա երկայնքով անցնում են բեռնատարներ, կան բազմաթիվ տեսանյութերի կադրեր, որոնք ցույց են տալիս խաղաղապահների մեքենաների ազատ տեղաշարժը, Կարմիր խաչի կոմիտեն։ Ադրբեջանը նույնիսկ թեժ գծեր է ստեղծել, որպեսզի հայ բնակիչները կարողանան արտակարգ իրավիճակների դեպքում զանգահարել։ Ադրբեջանի կառավարությունը սրանով ցանկանում է ընդգծել, որ անհրաժեշտության դեպքում մոտ է, պատրաստ է օգնել, արձագանքել նրանց հումանիտար կարիքներին»,- ասել է Աբդուլաևան։
Նրա խոսքով՝ այս տարածքում ադրբեջանցիները ցույց են անցկացնում՝ ընդդեմ ապօրինի ռազմական և առևտրային գործունեության։
Աբդուլաևան ասել է, որ եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ Բերձորի ճանապարհը պետք է օգտագործվի մարդասիրական նպատակներով, սակայն այս երկու տարիների ընթացքում Հայաստանն օգտագործում է այդ ճանապարհը զենք, ականներ և ռազմական անձնակազմ տեղափոխելու համար։
«Հայերը հակահետևակային ականներ են տեղափոխել Բերձորի ճանապարհով` կանխելու նախկին ադրբեջանցի ներքին տեղահանվածների վերադարձը հայրենի հողեր: Մենք մտադիր ենք որքան հնարավոր է շուտ վերականգնել այս շրջանը, որպեսզի մարդիկ կարողանան վերադառնալ իրենց հողերը։ Իհարկե, Հայաստանը չի ցանկանում համակերպվել հետկոնֆլիկտային իրավիճակի հետ, ուստի շարունակում է զենք, զինյալներ և ականներ տեղափոխել Ադրբեջանի տարածք՝ կանխելու նախկին ներքին տեղահանվածների վերադարձը»,- ասել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն