Քենեդի կրտսերը կարծում է, որ Ուկրաինան Ռուսաստանին հաղթելու հնարավորություն չունի
ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդին՝ փաստաբան և քաղաքական գործիչ Ռոբերտ Քենեդի կրտսերը, ով մտադիր է նաև մասնակցել հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններին, կարծում է, որ Ուկրաինան Ռուսաստանին հաղթելու հնարավորություն չունի։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Քենեդի կրտսերն ասել է ամերիկյան «News Unrolled» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Քաղաքական գործիչը հայտնել է, որ ներկայումս Եվրոպան լուրջ խնդիրների մեջ է՝ նշելով Գերմանիայում, Իտալիայում և Ֆրանսիայում տեղի ունեցող խռովությունները։ Նրա խոսքով՝ այս երկիրները ներքին խնդիրներ ունեն, որևէ մեկը չի ցանկանում իր զինվորականներին մահվան ուղարկել, իսկ ուկրաինացիների ռեսուրսներն արդեն սպառվել են։
Քենեդի կրտսերը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը բռնի ուժով հավաքագրում են մարդկանց՝ իրենց շարքերը թարմացնելու համար։ Նա ասել է, որ զինվորական տարիքի տղամարդիկ փորձում են ամեն գնով հեռանալ Ուկրաինայից՝ ռազմաճակատ չգնալու համար։
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Քենեդի կրտսերն ասել էր, որ ԱՄՆ-ն իր գործողություններով Ուկրաինան վերածել է սպանդանոցի։ Քաղաքական գործչի խոսքով՝ հենց Վաշինգտոնն է Կիևին ներքաշել Ռուսաստանի դեմ հակամարտության մեջ՝ սեփական աշխարհաքաղաքական նպատակներն առաջ տանելու համար։
#Դետքի_հետագծով
ԱՄՆ-ն նախորդ շաբաթ ներկայացրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթը, որը ներառում է կասետային զինամթերք, ինչն արգելված է միջազգային կոնվենցիայով, որը վավերացրել են աշխարհի 123 երկրներ՝ բացառությամբ ԱՄՆ-ի և Ուկրաինայի։ Ամերիկյան իշխանությունների այս որոշումը երկրի ներսում դժգոհություններ է առաջացրել, քանի որ մի շարք գործիչներ՝ այդ թվում նաև Ռոբերտ Քենեդին դեմ են, որպեսզի Ուկրաինային նման զինատեսակ տրամադրվի։
Ավելացնել նոր մեկնաբանություն