Իրանի ԳՇ պետը հայտնել է, որ որոշ հարևան երկրներ ճիշտ չեն աշխատում սահմանների անվտանգության ապահովման հարցում
Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ որոշ հարևան երկրներ ճիշտ չեն կատարում սահմանների անվտանգության ապահովման նկատմամբ իրենց պարտականությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։
Բաղերին հայտնել է, որ Իրանը Իրաքի կառավարության հետ այդ երկրի հյուսիսում գտնվող անջատական խմբավորումներին զինաթափելու մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրել, որով Իրաքի կառավարությունը պարտավորվել է մինչև այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսները զինաթափել այդ խմբավորումներին։ Նրա խոսքով՝ եթե Իրաքի կառավարությունը մինչև այդ ժամկետը չկատարի իր ստանձնած պարտավորությունը, ապա Իրանն ինքը ձեռնամուխ կլինի հիշյալ խմբավորումների զինաթափմանը։
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ միևնույն ժամանակ հայտնել է, որ երկիրի զինված ուժերի խիզախության շնորհիվ Իրանի սահմաններն այսօր ամբողջովին անվտանգ են։
Միևնույն ժամանակ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրն իր հերթին նշել է, որ ԻՀՊԿ-ի ստորաբաժանումները ոչ մի հնարավորություն բաց չեն թողնում սեփական կարողությունները կատարելագործելու, ինչպես նաև անվտանգային սպառնալիքներին դիմակայելու համար։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները կարևորում են հատկապես Իրաքի հետ սահմանների անվտանգությունը, քանի որ դրանք չեն վերահսկվում Իրաքի կենտրոնական կառավարության կողմից։ Այս շրջաններում բավականին մեծ և անհանգստացնող ներկայություն ունի Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը, որը սերտ կապեր ունի Իրանի գլխավոր հակառակորդ Միացյալ Նահանգների հետ, իսկ դա չի կարող չանհանգստացնել իրանական կողմին։
Ավելացնել նոր մեկնաբանություն