Վիեննայի համակարգ (մաս 3)

Վիեննայի համակարգ (մաս 3)

Վիեննայի համակարգի շրջանակում դաշինքների փոփոխությունը դարձավ պայմանական քաղաքականություն, սակայն դա ոչ ոքի չցնցեց: Լատինական Ամերիկայի անկախության համար մղվող պատերազմների շարքում Վերոնայի կոնգրեսում քննարկվեց նաև հունական ապստամբության հարցը: Այստեղ Ռու

Մեծ Բրիտանիայի ակտիվությունն այս տարածաշրջանում, Արևելյան հարցի կարևորության ըմբռնումը, ինչպես նաև հասարակության ճնշումը հարկադրեցին այլ պետություններին փոխել իրենց դիրքորոշումը հունական հարցի վերաբերյալ: Ալեքսանդր I-ը նույնպես ակտիվացրեց իր գործողությունները՝ անհանգստանալով Հունաստանում անգլիացիների իշխանության ամրապնդմամբ: Շուտով՝ 1826 թ. մարտի 23-ին, Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան ստորագրեցին համատեղ գործողությունների արձանագրություն հունական հարցի վերաբերյալ: Դրան հաջորդեց 1827 թ. հունիսի 24-ին Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Ֆրանսիաի կողմից Լոնդոնում ստորագրված համապատասխան կոնվենցիան: Կոնվենցիայի առաջին հոդվածի համաձայն՝ պետություններն Օսմանյան կայսրությանն իրենց միջնորդությունն են առաջարկում՝ հաշտեցնելու վերջինիս հույների հետ: Սակայն սուլթանը, հաշվի չառնելով այս կոնվենցիան, պատերազմ սկսեց «անհավատների» դեմ, ինչից հետո Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Ֆրանսիան 1827 թ. նոյեմբերի 12-ին ստորագրեցին «անշահախնդրության արձանագրություն», համաձայն որի՝ պարտավորվում են պահպանել Լոնդոնի կոնվենցիայի պայմաններն առաջիկա պատերազմում: 1829 թ. սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքվեց ռուս-թուրքական խաղաղության պայմանագիր: Թուրքիան ճանաչեց Ռուսաստանի քաղաքացիների ազատ առևտրի իրավունքն ու բացեց Սևծովյան նեղուցը ռուս և օտարերկրյա առևտրային նավերի ազատ ելումուտի համար: 1830 թ. փետրվարին Լոնդոնի կոնֆերանսի որոշման համաձայն՝ երեք պետությունները ճանաչեցին Հունաստանը՝ որպես անկախ պետություն՝ միապետական վարչաձևով: Առաջին թագավորը դարձավ 17-ամյա իշխան Օտտոն Վիտտելսբախը՝ Բավարիայի թագավորական տան ներկայացուցիչը: Ազատագրման համար մղվող պատերազմների շրջանում լեգիտիմ կարգը լուրջ տատանվում էր: Աշխարհի քաղաքական քարտեզի վրա առաջացան նոր անկախ պետություններ: Սրբազան դաշինքին հաջողվեց ճնշել հեղափոխությունն ու հեղափոխական շարժն Իսպանիայում, Պորտուգալիայում և Իտալիայում: Ազդեցիկ պետությունները կարողացան փոխզիջման հասնել արևելյան հարցերում: Անկախ նրանից, որ ճնշվեցին հեղափոխությունները, դա մեծ հարված էր լեգիտիմ կարգին և միջազգային հարաբերությունների Վիեննայի համակարգին: Այս անգամ նորից Ֆրանսիան եկավ ասպարեզ: 1830 թ. հուլիսի 26-ին թագավոր Կառլ X-ի վարած քաղաքականությունից դժգոհ փարիզցիներն ապստամբություն բարձրացրին: Հուլիսյան հեղափոխությունը եվրոպական մայրցամաքի միապետների շրջանում մտահոգություն առաջացրեց: Ֆրանսիայի կառավարության ղեկավարն այդ ժամանակ Կազմիր Պիերն էր, որն այսպես բացատրեց իր դիրքորոշումը. «Միջազգային եվրոպական իրավունքը պաշտպանում եմ ես: Դուք մտածում եք, որ հեշտ է պահպանել պայմանագրերը և խաղաղությունը, բայց պետք է պահպանել միևնույն ժամանակ Ֆրանսիայի տարածքը: Դրա համար ես պետք է անեի այն, ինչ արել եմ»: Բայց զինված ընդդիմության գաղափարը մոտ ժամանակներն անտեսվեց, քանի որ Փարիզի նոր քաղաքական կարգը միանգամից ընդունվեց Մեծ Բրիտանիայի կողմից: Դրույթ, որը «Եվրոպական համերգի» այլ երկրները չէին կարող հաշվի չառնել: Որոշ տատանումներից հետո նրանք որոշեցին չխառնվել Ֆրանսիայի ներքին գործերին՝ պայմանով, որ վերջինիս նոր կառավարությունը «չի խաթարի եվրոպական այլ երկրների հանգստությունը»: Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Գիզոն նշեց. «Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրը զբաղեցնի իր տեղը. Ավստրիան զբաղեցնի իրենը, մենք էլ մերը կզբաղեցնենք››: Բոլորին հայտնի էր ֆրանսիացիների հին պահանջը Հռենոսի ձախ ափի վերաբերյալ: Բոլորը հիշեցին, որ Ֆրանսիան 20 տարի տիրել է այս տարածքում՝ սկսած հեղափոխության ժամանակից: Նրա միջամտությունը Բելգիայի վեճին կարող էր Եվրոպայում կրկին մեծ պատերազմ առաջացնել: 1831 թ. հունվարին Լոնդոնի կոնֆերանսը ճանաչեց Բելգիայի անկախությունը և հռչակեց վերջինիս մշտական չեզոքությունը՝ երաշխավորված Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից: Սահմանադրական կարգով Բելգիան հայտարարվեց թագավորություն: Եվրոպական հեղափոխությունների հետևանքով Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Պրուսիայի և Ավստրիայի հզոր միությունը բաժանվեց: Կազմվեց հակադիր պետությունների երկու խումբ: Առաջինն Արևելյան Եվրոպայի պահպանողական միապետություններն էին՝ ռուսական, պրուսական և ավստրիական: Նրանք 1833 թ. աշնանը Մյունխենգրեցում և Բեռլինում ստորագրեցին Արևելյան հարցում համաձայնեցված գործողությունների մասին կոնվենցիա: Որպես պահպանողական միության հակադրում՝ ձևավորվեց Արևմտյան Եվրոպայի ազատասեր պետությունների խումբ: Վերջինիս առանցքը Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի «մտերմիկ համաձայնությունն» էր (յուրահատուկ սեղմ և վստահելի հարաբերությունների բանաձև): Այս համաձայնությամբ անգլիացիները պարտավորվեցին իրենց դաշնակիցներին ցույց տալ ռազմածովային օգնություն, իսկ ֆրանսիացիներն «անհրաժեշտության դեպքում» որպես օգնություն ուղարկել իրենց զորքերը: Չնայած քաղաքական և գաղափարական տարաձայնություններին՝ ինչպես ազատասեր արևմտյան խումբը, այնպես էլ պահպանողականը ձգտում էին խաղաղություն պահպանել: Նրանց անդամներն ունեին հակակշիռ դիրք միջազգային քաղաքականության կարևոր խնդիրներում, որոնցից էր 1830-ական թթ. կրկին ասպարեզ եկած Արևելյան հարցը: Այն այս անգամ առնչվում էր թուրքական կայսրության ներքաղաքական խնդիրներին: Կնքվեց պայմանագիր, որն էլ դարձավ ռուս-անգլո-ֆրանսիական հակամարտության սրման պատճառներից մեկը, ինչից հետո Ռուսաստանը սկսեց մերձեցման եզրեր փնտրել Պրուսիայի և Ավստրիայի հետ: Մի պահ անդրադառնանք «Եվրոպական համերգին», որն ուներ ակնհայտ առավելություններ: Այն հնարավորություն տվեց եվրոպական երկրներին ոչ միայն բուժելու հեղափոխական և նապոլեոնյան դարաշրջանից մնացած վերքերը, այլև հավաքելու ուժերը: Բայց այն որոշ երկրների կողմից չընդունվեց, օրինակ՝ ֆրանսիացի լիբերալները և դեմոկրատները դատապարտեցին այս համակարգը՝ համարելով գործիք Սրբազան դաշինքի ռեակցիոն քաղաքականությանը Ֆրանսիային ենթարկեցնելու համար: Քննադատելով «Եվրոպական համերգը» և լեգիտիմ կարգը՝ հասարակությունը համոզված էր նրանում, որ Վիեննայի համակարգի այս երկու սկզբունքներն իրականում ենթակա են միապետների հետապնդած դինաստիական շահերին: 1848-1849 թթ. եվրոպական հեղափոխություններից Վիեննայի լեգիտիմ կարգը խորապես ցնցվեց: Դա ընդգրկեց միանգամից մի քանի պետություն՝ Իտալիա, Ֆրանսիա, Պրուսիա, Ավստրիա և Գերմանական միության այլ երկրներ: Այն վկայակոչեց տնտեսական, քաղաքական և մշակութային սերտ կապերը եվրոպական երկրների միջև: Նույնիսկ Ֆրանսիայի նման անկախ և ինքնիշխան երկրում հասարակությունն ակտիվորեն հայտնեց իր դժգոհությունը լեգիտիմ կարգի վերաբերյալ: Ֆրանսիացիները կարծում էին, որ այն հակասում է իրենց երկրի ազգային շահերին, քանի որ պարտավորեցնում է արտաքին քաղաքականությունը վարել ռեակցիոն միապետությունների ձևով, ինչպես Ավստրիան, Պրուսիան և Ռուսաստանը: Եվրոպական հեղափոխություններից հետո բոլոր երկրները սկսեցին նոր աշխարհի կառուցումը: Ստեղծվում էին կամավոր միություններ, որոնց նպատակն էր աջակցել մեկը մյուսին:

Սույն հոդվածի երկրորդ մասը կարող եք կարդալ այստեղ։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն