Իրանի մեջլիսը Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալու պարտավորությունների վերաբերյալ փաստաթուղթ է ընդունել
Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետության կարգավիճակ ստանալու համար երկրի ստանձնած պարտավորությունների հետ կապված օրենքի նախագիծ է ընդունել։ Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ նախագծի ընդունմանը կողմ է քվեարկել 161, ձեռնպահ՝ 3, դեմ՝ 2 պատգամավոր։
Իրանի խորհրդարանական հարցերով փոխնախագահ Ալի Ադանին նշել է, որ այս օրինագիծը երկրի արտաքին գործերի նախարարության առաջարկով հավանության է արժանացել կառավարության նիստում և ներկայացվել խորհրդարան իրավական ձևակերպումների համար։
«Շանհայի համագործակցության կազմակերպությանն Իրանի անդամակցությունը տնտեսական, սոցիալական և միջազգային տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն ունի պատժամիջոցները հաղթահարելու և կազմակերպության անդամ երկրների հետ տնտեսական դիվանագիտությունն ամրապնդելու տեսանկյունից»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 15-ին Սամարղանդում Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և կազմակերպության գլխավոր քարտուղար Չժան Մինգի կողմից ստորագրվել է Իրանի պարտավորությունների հուշագիրը՝ ՇՀԿ անդամ պետության կարգավիճակ ստանալու համար։
Նախորդ տարվա նոյեմբերի 27-ին Իրանի մեջլիսն ընդունել է ՇՀԿ-ին Իրանի անդամակցության մասին օրինագիծը։
Ավելացնել նոր մեկնաբանություն