Իրանը կուժեղացնի տնտեսական կապերը Սիրիայի հետ այդ երկրի վերականգնման համար. Ռայիսի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին Սիրիայի պաշտպանության նախարար Ալի Մահմուդ Աբասի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ընդլայնել իր տնտեսական կապերը Սիրիայի հետ երկրի վերականգնման համար։ Ինչպես հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, Ռայիսին ասել է, որ Իրանը միշտ աջակցել է Սիրիային ահաբեկչության դեմ դիմակայության ժամանակաշրջանում։
Իրանի նախագահը միևնույն ժամանակ Թեհրան-Դամասկոս հարաբերությունները ռազմավարական է որակել։ Նրա խոսքով՝ Իրանի և Սիրիայի հարաբերությունները հիմնված են ընդհանուր համոզմունքների, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների հավատամքի վրա։
Իրանի նախագահը նաև բարձր է գնահատել սիրիացի զինվորականների դերը Սիրիայի ժողովրդին խռովությունից պաշտպանելու հարցում։
Ալի Մահմուդ Աբասն իր հերթին բարձր է գնահատել ահաբեկչության դեմ պայքարում Իրանի ցուցաբերած աջակցությունը։ «Դիմադրության առանցքը կարևոր դեր է խաղալու նոր աշխարհի ձևավորման գործում»,- ասել է նա։
Վերջինս նշել է, որ թշնամական երկրները մշտապես առիթ են փնտրել Սիրիայի ու Իրանի միջև խոր և եղբայրական հարաբերությունները ոչնչացնելու համար։
Սիրիայի պաշտպանության նախարարը հավելել է, որ երկու երկրների հարաբերություններն իսկապես խոր արմատներ ունեն և այնքան ամուր են, որ ոչ ոք չի կարող վնասել դրանք։ «Թեհրանի և Դամասկոսի միջև կապերն օրեցօր կընդլայնվեն»,- եզրափակել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն