Submitted by D.Guyumjyan on
DETQ

Թուրքիան արգելել է Ստամբուլում օտարերկրացիներին կացության իրավունք տրամադրել

Արգելքը սահմանել են Թուրքիայի իշխանությունները։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է թուրքական իշխանամետ «Milliyet» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ արգելքը վերաբերում է Ստամբուլի բոլոր շրջաններին։ Հրապարակման համաձայն՝ Ստամբուլում կացության կարգավիճակի վկայականի տրամադրումը կիրականացվի միայն անհրաժեշտության դեպքում։

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա հոկտեմբերից Թուրքիայի իշխանությունները Ստամբուլի որոշ շրջաններում, ինչպես նաև մի շարք այլ քաղաքներում, որտեղ մեծ թվով օտարերկրացիներ են հաստատվում,  աստիճանաբար սկսեցին արգելել կացության կարգավիճակի տրամադրումը, քանի որ որոշ շրջաններում օտարերկրացիների թիվը գերազանցում էր 20%-ը։ 

Սկզբնական շրջանում որոշումը վերաբերում էր միայն քաղաքի 10 շրջաններին, սակայն աստիճանաբար տարածվեց նաև մյուս շրջանների վրա։ Բացառություն է կատարվում միայն ուսման, բժշկական օգնություն ստանալու և միջազգային առևտրով զբաղվելու նպատակով եկած օտարերկրացիների համար։

#Դետքի_հետագծով

Թուրքիայում ներկայումս մեծ թվով օտարերկրացիներ են հաստատվում, ինչն անհանգստացնում է այդ երկրի իշխանություններին, և վերջիններս այդ ուղղությամբ կտրուկ քայլեր են ձեռնարկում։ Տարբեր տվյալներով՝ ներկայումս միայն Ստամբուլում շուրջ 1 միլիոն 294 հազար օտարերկրացի կա, ինչը Ստամբուլի համար չափազանց մեծ թիվ է։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն