Submitted by detq-admin on
DETQ

Իրանը տարածաշրջանային խոշոր պետություն է. Եգիպտոսի ԱԳՆ խոսնակ

Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Աբու Զեյդը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանային խոշոր պետություն է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Անդրադառնալով Իրանի և Եգիպտոսի հարաբերություններում տեղի ունեցող վերջին զարգացումներին՝ Եգիպտոսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ երկու երկրները կապեր ունեն, և դրանք որևէ փուլում չեն ընդհատվել։ Նրա համոզմամբ՝ ներկայումս Թեհրանի և Կահիրեի միջև հարաբերությունները զարգանում են։

 «Իրանը տարածաշրջանային խոշոր երկիր է, որը շահեր ունի տարածաշրջանում։ Եգիպտոսը ցանկանում է, որ այդ փոխգործակցությունը լինի դրական և հարգի երկրների ինքնիշխանությունն ու ժողովուրդների կամքը, ինչպես նաև ամրապնդի կայունությունը»,- նշել է նա։

 Ահմեդ Աբու Զեյդը հավելել է, որ Թեհրանում գործում է Եգիպտոսի պաշտպանի, իսկ Կահիրեում՝ Իրանի պաշտպանի գրասենյակ։


#Դետքի_հետագծով

Չնայած
Իրանն ու Եգիպտոսը շուրջ չորս տասնամյակ է, ինչ խզել են դիվանագիտական հարաբերությունները, այնուամենայնիվ երկու երկրների միջև ավելի ցածր մակարդակով հարաբերությունները շարունակվում են։ Հարաբերությունների խզման պատճառ դարձավ այն հանգամանքը, որ Եգիպտոսի իշխանությունները 1979-ին Իսրայելի հետ ստորագրեցին Քեմփ Դեյվիդի խաղաղության պայմանագիրը:

Ավելացնել նոր մեկնաբանություն