Submitted by detq-admin on
DETQ

Իրանում ուղղաթիռներ կարտադրվեն սեփական գիտելիքահենք ընկերությունների օգնությամբ

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը տեղական ուղղաթիռներ արտադրելու նպատակով համագործակցում է գիտելիքահենք ընկերությունների հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Աշտիանին հայտնել է, որ Իրանի պաշտպանության նախարարությունը սերտ հարաբերություններ ունի բազմաթիվ գիտելիքահենք ընկերությունների հետ, որոնք զբաղվում են նավերի, անօդաչու թռչող սարքերի և ուղղաթիռների արտադրությամբ։

 Իրանցի պաշտոնյան հայտնել է, որ Իրանի պաշտպանության նախարարությունը ձգտում է նոր զինատեսակների արտադրությամբ կամ անցյալից ունեցած զենքերն արդիականացնելով աջակցել Իսլամական Հանրապետության զինված ուժերին։ Նա միևնույն ժամանակ անդրադարձել է Իրանի կանխարգելիչ ուժին՝ նշելով, որ երկիրն առաջադիմում ու զարգանում է՝ հանդես գալով տարածաշրջանային ու միջազգային դերակատարությամբ։

Ըստ Աշտիանիի՝ Իրանը վերջին տարիներին զգալի հաջողություններ է արձանագրել ռազմարդյունաբերության ոլորտում։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները հստակ քայլեր են ձեռնարկում երկրի ռազմարդյունաբերությունը զարգացնելու ուղղությամբ։ Սա պայմանավորված է հատկապես արևմտյան երկրների կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներով, որոնք խաթարում են նաև երկրի ռազմարդյունաբերության զարգացումը։

Ավելացնել նոր մեկնաբանություն