Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանի ԶՈՒ-ն և ԻՀՊԿ-ն համալրվել են նոր թևավոր հրթիռով

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը համալրվել են «Աբու Մահդի» թևավոր հրթիռով։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ թևավոր հրթիռի արձակումը տեղի է ունեցել երեքշաբթի։ «Այսօր առավոտյան (նկատի ունի երեկ - խմբ.) պաշտպանության նախարարի, ռազմածովային ուժերի փոխհրամանատարի և ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարի ներկայությամբ ՌԾՈՒ և ԻՀՊԿ բանակային զորամասերին հանձնվեց «Աբու Մահդի» թևավոր հրթիռը»,- ասվում է հաղորդագրությունում։ 

«Աբու Մահդի» թևավոր հրթիռն արտադրել է Իրանի զինված ուժերի օդատիեզերական արդյունաբերության խորհուրդը։ Հրթիռի հեռահարությունը գերազանցում է հազար կիլոմետրը, իսկ մարտագլխիկի պայթուցիկ նյութերի կիրառումը թույլ է տալիս ոչնչացնել տարբեր տեսակի նավեր, ֆրեգատներ և ականակիրներ։ 

Նշվում է, որ «Աբու Մահդի» հրթիռը կարող է կրակ բացել շարժական և ստացիոնար բոլոր տեսակի կրիչներից, իսկ նրա նավիգացիայի համակագը՝ թարմացնել տեղեկությունը թիրախի գտնվելու վերջնական վայրի մասին թռիչքի ընթացքում։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը մշտապես համալրվում է տեղական արտադրության գերժամանակակից սպառազինությամբ։ Այս քաղաքականությունը խրախուսվում է երկրի իշխանությունների կողմից, որոնք փորձում են ամեն գնով նվազագույնի հասցնել այս հարցում Իրանի կախվածությունը տարբեր երկրներից։ 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն