Բաքուն և Անկարան ստորագրել են «KAAN» նախագծի շուրջ համագործակցության համաձայնագիր
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը և «Turkish Aerospace» ընկերությունը ստորագրել են «KAAN» նախագծի շուրջ համագործակցության համաձայնագիր։
Այն ստորագրել են Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևը, իսկ Թուրքիայից՝ «Turkish Aerospace»-ի գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը և Թուրքիայի նախագահին առընթեր պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Հալուք Գյորգյունը։
Արձանագրության համաձայն՝ Ադրբեջանում և Թուրքիայում հայրենական կործանիչների արտադրության շրջանակում նախատեսվում է ինժեներների վերապատրաստում։
Թուրքիան և Ադրբեջանը պայմանավորվել են համագործակցել հինգերորդ սերնդի թուրքական «KAAN» կործանիչի ստեղծման շուրջ։
Այս կապակցությամբ թուրքական «Yeni Şafak» թերթը նշում է, որ Բաքվի մասնակցությունը նախագծին պետք է դիտարկել որպես ռուսական «ՄիԳ-29» ինքնաթիռներով հագեցած ադրբեջանական ռազմաօդային ուժերի արդիականացման կարևոր քայլ։ Ռազմարդյունաբերական համալիրում մասնագիտացած «Defense Türk» պորտալի տվյալներով՝ թուրքական կործանիչ ստեղծելու նախագծին կարող է մասնակցել նաև Ուկրաինան։
Նշենք, որ հինգերորդ սերնդի «KAAN» կործանիչը ստեղծվել է Թուրքիայում 2017 թվականից ազգային մարտական ինքնաթիռների ծրագրի շրջանակում։ Նախատեսվում է, որ այն իր առաջին թռիչքը կիրականացնի այս տարի, իսկ զանգվածային արտադրությունը կսկսվի 2028 թվականին։
Ավելացնել նոր մեկնաբանություն