Ճապոնիան աջակցում է Իրանի միջուկային գործարքի վերականգնմանը
Թեհրանում Ճապոնիայի դեսպան Կազուտոշի Աիկավան հայտարարել է, որ Ճապոնիան հանդես է գալիս Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերակենդանացման օգտին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Աիկավան ընդգծել է, որ պաշտոնական Տոկիոն կշարունակի միջոցներ ձեռնարկել միջուկային գործարքի վերականգնմանն աջակցելու համար:
Վերջինս միևնույն ժամանակ նշել է, որ երկու երկրների միջև առկա են լավ հարաբերություններ։ Նրա խոսքով՝ Իրանը և Ճապոնիան կարող են էլ ավելի ընդլայնել իրենց կապերը համաճարակի հետ կապված սահմանափակումների մեղմացումից հետո։
Կազուտոշի Աիկավան նաև բարձր է գնահատել Թեհրանի և Տոկիոյի միջև հարաբերությունների ներկա մակարդակը։ Նա նշել է, որ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն այցելել է Իրան, երբ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների նախագահն էր՝ ասելով, որ վարչապետ Ֆումիո Կիսիդան անցյալ սեպտեմբերին հանդիպել է նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։
Ճապոնացի պաշտոնյան նշել է նաև, որ Իրանի և Ճապոնիայի արտգործնախարարները նույնպես պարբերաբար հեռախոսազրույցներ կունենան։
#Դետքի_հետագծով
Իրանի միջուկային գործարքը կնքվել էր դեռևս 2015 թվականին՝ երկարատև բանակցություններից հետո, սակայն 2018 թվականի մարտին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ դրանից։ Ներկայումս Իրանի և արևմտյան երկրների միջև բանակցություններ են ընթանում գործարքը վերականգնելու նպատակով, իսկ բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Ճապոնիան, աջակցում են այդ նախաձեռնություններին։
Ավելացնել նոր մեկնաբանություն