Իրանն ու Բելառուսը կարևորում են ռազմական համագործակցության ընդլայնումը
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին ընդգծել է Իրանի և Բելառուսի զինված ուժերի միջև պաշտպանական փորձի փոխանակման, զորավարժությունների անցկացման պատրաստակամության, ինչպես նաև գիտակրթական ոլորտում ռազմական համագործակցության կարևորությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Բելառուսի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը Բաղերին անդրադարձել է համաշխարհային իմպերիալիզմի պայմաններում երկու երկրների քաղաքական ընդհանրություններին։ Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի և Արևմուտքի անարդար պատժամիջոցներին դիմագրավող, ինքնիշխան ու նույնատիպ քաղաքական կողմնորոշում ունեցող պետությունները պետք է պատշաճ հարաբերություններ և փոխգործակցություն ունենան միմյանց հետ»:
«Ինչպես նախկինում երկու երկրների միջև կար պաշտպանական և անվտանգային համագործակցություն, այսօր ևս պետք է ընդլայնվեն այդ հարաբերությունները՝ հաշվի առնելով աշխարհի ուժային կառուցվածքում տեղի ունեցող փոփոխությունները, քանի որ համաշխարհային ուժային կառուցվածքն արագորեն միաբևեռ վիճակից վերածվում է բազմաբևեռ աշխարհի»,- ասել է նա։
Իրանի ԶՈՒ ԳՇ պետը հայտնել է, որ «Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր ամերիկացիների ուխտադրուժ և տոտալիտար քաղաքականությունը ստիպել է իսլամական Իրանին որևէ կերպ չվստահել նրանց և գաղութատեր Արևմուտքին»: Անդրադառնալով ամերիկյան պատժամիջոցներին՝ Բաղերին հավելել է, որ այս պատժամիջոցներն Իրանի քաղաքակիրթ ժողովրդին և զինված ուժերին հնարավորություն տվեցին հավատալու իրենց ուժերին և հաղթահարելու սպառնալիքները։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը և Բելառուսն ունեն բազմաթիվ ընդհանուր շահեր, որոնք երկու երկրներին դրդում են ավելի խորացնել երկկողմ փոխգործակցությունը։ Միևնույն ժամանակ երկու երկրներն էլ բավականին բարձր մակարդակի հարաբերություններ ունեն Ռուսաստանի Դաշնության հետ, ինչը հարաբերությունների զարգացման ևս մեկ խթան է։
Ավելացնել նոր մեկնաբանություն