Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ որպես Իրանի ազգային հզորության հենասյուն. Իրանի ԱԳՆ խոսնակ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկրի ազգային հզորության հենասյունն է։ Ինչպես հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, Քանաանին ասել է, որ իրանական ուժերը խաթարել են ԱՄՆ-ի գերիշխող ռազմավարությունը տարածաշրջանում:
«Ամերիկյան ռեժիմի թշնամական գործողություններն իրանցիների դեմ անթիվ են։ Իրանական ազգի դեմ ԱՄՆ վարչակազմի հանցագործությունների տարբեր ասպեկտները բացահայտում են ամերիկացի պաշտոնյաների կողմից Մարդու իրավունքների կեղծ, քաղաքական ժեստերը և Մարդու իրավունքների գործիքային օգտագործումը»,- իր թվիթերյան էջում գրել է Քանաանին:
Վերջինս հայտնել է, որ պետական հեղաշրջում ծրագրելը, 8-ամյա հարկադիր պատերազմին աջակցելը, մարդատար ինքնաթիռի միտումնավոր ոչնչացումը, հիբրիդային պատերազմ վարելը, ահաբեկիչներին հովանավորելը, արգելքներ սահմանելը և իրանցիների վրա առավելագույն ճնշում գործադրելն ԱՄՆ ռեժիմի կողմից Իրանի բնակչության նկատմամբ կատարված անթիվ հանցագործությունների օրինակներն են։
Նասեր Քանաանին նշել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նկատմամբ ԱՄՆ-ի զայրույթի պատճառը, ստի տարածումը և նրա հասցեին անհիմն մեղադրանքները պայմանավորված են այն հանգամանքով, որ կորպուսն Իրանի ազգային հզորության հենարանն է։ Պաշտոնյան ասել է նաև, որ ԻՀՊԿ-ն նվաստացրել է սիոնիստական ռեժիմին (նկատի ունի Իսրայելին - խմբ.) և խախտել ԱՄՆ գերիշխող ռազմավարությունը տարածաշրջանում:
Նա հավելել է, որ Թել Ավիվի կեղծ ռեժիմի ազդեցության տակ գտնվող եվրոպական երկրները և Վաշինգտոնը վերջերս հանդես են եկել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու առաջարկով։
Ավելացնել նոր մեկնաբանություն