Բաքուն և Երևանը պատրաստ չեն ցանկացած պայմանով խաղաղության պայմանագրին. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը պատրաստ չեն ցանկացած պայմանով խաղաղության պայմանագիր կնքել, դեռ պետք է լուծել որոշ բարդ հարցեր։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Գոնչարն ասել է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
«Բաքվից և Երևանից ստացվող ազդանշանները շտապ խաղաղության հասնելու մասին չեն նշանակում, որ կողմերը պատրաստ են համաձայնվել ցանկացած պայմանի։ Դեռ պետք է գտնել հանգուցալուծումներ մի շարք բարդ թեմաների համար»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ խնդիրներ են խոչընդոտում խաղաղության հաստատման գործընթացը։
Գոնչարն ընդգծել է, որ այդ հարցերից կարևորագույնը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովման և բոլորի կողմից ընդունված իրավունքների պաշտպանության խնդիրներն են՝ Ադրբեջանի իրավական դաշտի շրջանակում։ «Այս տրամաբանությունը կողմերն ընդունել են 1991 թ. Ալմաթիի հռչակագրի փոխադարձ հաստատումից հետո։ Պահանջված է նաև պայմանագրի կատարման միջազգային աջակցության մեխանիզմը, որը հարցականի տակ չէր դնի Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու քաղաքական անկախությունը»,- ասել է նա։
Ռուս դիվանագետը շեշտել է, որ Ռուսաստանն ակտիվ աջակցություն է ցուցաբերում կողմերին խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում։ Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի պատրաստումը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների տարրերից մեկն է։ «Ռուսական կողմը եռանդուն աջակցում է Բաքվին և Երևանին այդ փաստաթղթի պատրաստման գործում՝ օգտագործելով բոլոր մակարդակների քաղաքական-դիվանագիտական խողովակները. ամեն տարի տեղի են ունենում եռակողմ գագաթնաժողովներ, մշտապես հանդիպում են արտաքին գործերի նախարարները»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Ռուսական կողմը շատ լավ գիտակցում է, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև արևմտյան միջնորդությամբ խաղաղության պայմանագիր ստորագրվի, ապա դրանից հետո ռուս խաղաղապահները պետք է դուրս բերվեն Արցախից։ Հենց այս իրողությունից ելնելով՝ ռուսական կողմը փորձում է ամեն գնով հասնել նրան, որ հնարավոր փաստաթուղթը ստորագրվի ռուսական միջնորդությամբ, իսկ Արցախի բնակչության իրավունքների ապահովումն իրագործել հենց ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգմամբ։
Ավելացնել նոր մեկնաբանություն