Ռուսաստանը և Իրանը մտադիր են համագործակցել ինքնաթիռների և ուղղաթիռների հիմնանորոգման ու արտադրության ոլորտում
Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի փոխնախարար Անդրեյ Բոգինսկին ընդգծել է ինքնաթիռների, ուղղաթիռների հիմնանորոգման և արտադրության ոլորտում Իրանի հետ երկկողմ համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ կիրակի Իրանի առևտրի նախարարությունում փորձագիտական հանդիպում է տեղի ունեցել Իրանի ու Ռուսաստանի միջև ինքնաթիռների և ուղղաթիռների հիմնանորոգման ու արտադրության ոլորտում համագործակցության և անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման թեմայով։ Հանդիպմանը մասնակցել են ՌԴ ավիացիայի հարցերով արդյունաբերության և առևտրի փոխնախարար Անդրեյ Բոգինսկին ու տրանսպորտի հարցերով Իրանի արդյունաբերության և առևտրի փոխնախարար Մանուչեհ Մանթեգին։
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ համաձայնագիր կկնքեն ինքնաթիռների և ուղղաթիռների հիմնանորոգման ու արտադրության ոլորտում Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության համար անհրաժեշտ ենթակառուցվածքի զարգացման վերաբերյալ։
Նախատեսված ծրագրի համաձայն՝ ռուսաստանյան պատվիրակությունը կայցելի Իրանի ավիացիոն և պաշտպանական արդյունաբերություն՝ դրանց հնարավորություններին ծանոթանալու համար։
#Դետքի_հետագծով
Ռուսաստանը և Իրանն ակտիվորեն համագործակցում են նաև ռազմարդյունաբերության ոլորտում, ինչը բխում է երկու երկրների շահերից։ Սա պայմանավորված է նաև ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների հանգամանքով, ուստի երկու երկրները, միմյանց հետ հարաբերությունները խորացնելով, փորձում են չեզոքացնել պատժամիջոցների հետևանքները։
Ավելացնել նոր մեկնաբանություն