Իրանը պատրաստ է իր հնարավորությունները տրամադրել բարեկամ երկրներին. Ռայիսի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է՝ Իրանը պատրաստ է տարբեր ոլորտներում իր ակնառու առաջընթացն ու հնարավորությունները տրամադրել բարեկամ երկրներին, այդ թվում՝ Շրի Լանկային։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Ռայիսին ասել է Շրի Լանկայի արտաքին գործերի նախարար Ալի Սաբրիի հետ հանդիպման ժամանակ։
Իրանի նախագահն ընդգծել է՝ Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր երկու երկրների հարաբերությունները միշտ եղել են կառուցողական և զարգացող։ Նա երկու երկրների բազմազան կարողություններն ու հնարավորությունները համարել է հարմար հարթակ, որը կարող է բարձրացնել փոխհարաբերությունների մակարդակը:
Անդրադառնալով հատկապես գիտության և տեխնոլոգիայի ոլորտներում Իրանի արձանագրած առաջընթացին՝ Ռայիսին նշել է Իրանի և Շրի Լանկայի միջև տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի ակտիվացման անհրաժեշտությունը: «Աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում՝ Շրի Լանկան, ունեն առաջընթացի մեծ հնարավորություններ, և եթե չլինեին արտաքին գաղութատիրական և շահադիտական միջամտությունները, այդ երկրները կարող էին աճել ու ծաղկել»,- ասել է նա:
Ալի Սաբրին իր հերթին նշել է, որ Իրանը մեծ առաջընթաց է գրանցել, այդ թվում՝ գիտության և տեխնոլոգիայի ոլորտներում։ Անդրադառնալով Շրի Լանկայում իրանական ընկերությունների ներկայությանը և արդյունավետ գործունեությանը՝ Շրի Լանկայի արտաքին գործերի նախարարն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ իր երկիրը շահագրգռված է տնտեսական, տեխնոլոգիական և բժշկական տարբեր ոլորտներում Իրանի հետ համագործակցությունն ընդլայնելու հարցում։
Հիշեցնենք, որ Շրի Լանկայի արտաքին գործերի նախարար Ալի Սաբրին այցելել է Թեհրան՝ հանդիպելու և բանակցելու Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
#Դետքի_հետագծով
Արևմտյան պատժամիջոցների ֆոնին իրանական կողմը մշտապես փորձում է այլ երկրների և կազմակերպությունների հետ իր համագործակցությունը խորացնել՝ պատժամիջոցների հետևանքները հնարավորինս զսպելու համար։ Նման երկրներից մեկն էլ Շրի Լանկան է, որի հետ վերջին տարիներին Իսլամական Հանրապետությունը խորացնում է իր հարաբերությունները։
Ավելացնել նոր մեկնաբանություն