Քանաանին ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային մեղադրել է տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու մեջ
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին մեղադրել է ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու մեջ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Քանաանին ընդգծել է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը չի հանգեցրել անվտանգության բարձրացման։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում ամերիկյան շահերն անկայունության և անապահովության մեջ են:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը միևնույն ժամանակ Մեծ Բրիտանիան անվանել է տարածաշրջանում ահաբեկիչներին հովանավորող երկիր։ Նա այս համատեքստում մատնանշել է Մեծ Բրիտանիայի բազմաթիվ կոչերը՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սև ցուցակում ներառելու վերաբերյալ։
Նասեր Քանաանին վերահաստատել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն բացառապես տվյալ տարածաշրջանի պետությունների մասնակցությամբ, իսկ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը պետք է բացառվի։
#Դետքի_հետագծով
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան Իրանի աշխարհաքաղաքական հակառակորդներն են, և այս երկրների միջև առկա է բավականին մեծ մրցակցություն։ Իրանը պնդում է, որ Մերձավոր Արևելքի բազմաթիվ երկրներում առկա լարվածությունը պայմանավորված է հենց վերոհիշյալ երկրների մասնակցությամբ, որոնք, իրավիճակն ապակայունացնելով, հետապնդում են իրենց սեփական շահերը։
Ավելացնել նոր մեկնաբանություն