Ալիևը դադարեցրել է ադրբեջանցի «վետերանների» բուժման ֆինանսավորումը
Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական 44-օրյա ագրեսիայի մասնակից այսպես կոչված «վետերանները» դիմել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ խնդրելով աջակցել «Յաշաթ» հիմնադրամին, որպեսզի իրենք կարողանան շարունակել իրենց բուժումը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «Infoteka-24» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ վերջիններս պնդում են՝ որոշ ժամանակ բուժվել են Թուրքիայում։ Նրանք Ադրբեջանի նախագահից խնդրում են շարունակել ֆինանսավորումը և նվիրատվություն կատարել հիմնադրամին՝ բուժումը կիսատ չթողնելու համար։
Պատերազմի մասնակիցները պնդում են, որ կան մարդիկ, որոնք ֆինանսական աջակցության կարիք ունեն դեղամիջոցներ գնելու համար, սակայն քանի որ հիմնադրամում գումար չկա, ֆինանսական աջակցությունը դադարեցվել է։ «Խնդրում ենք, որ մեր բուժումը կիսատ չթողնեն»,- պահանջում են վետերանները։
Ավելի վաղ ռուսական լրատվականը հայտնել էր, որ նմանատիպ գործողություններ են իրականացվել «վետերանների» նկատմամբ, որոնք Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո անտեսվել են ադրբեջանական իշխանությունների կողմից: Նրանցից ոմանք շարունակում են ղեկավարությունից աջակցություն պահանջել և ապահովել իրենց իրավունքները, սակայն շատերը, չկարողանալով հաղթահարել սոցիալական անարդարությունը, գերադասել են իրենց խնդիրները սեփական միջոցներով լուծել։
Ավելացնել նոր մեկնաբանություն