Իրանը լիովին աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը
Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նորանշանակ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։
Ահմադիանը վերահաստատել է Իրանի աջակցությունը ողջ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին՝ կոչ անելով հակամարտությունները կարգավորել բանակցային ճանապարհով։ Վերջինս նշել է, որ դիվանագիտությունն ու երկխոսությունը լավագույն տարբերակներն են երկրների միջև հակամարտությունները դադարեցնելու համար։
Իրանցի պաշտոնյան ընդգծել է՝ Թեհրանը լիովին աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։
Հաղորդվում է նաև, որ Հայաստանի և Իրանի անվտանգության ծառայությունների ղեկավարները քննարկել են փոխադարձ հարցեր, հատկապես տնտեսական կապերի ընդլայնումը, տարածաշրջանի վերջին զարգացումները։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն իր հերթին շնորհավորել է Ահմադիանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել կարևոր պաշտոնում։ Գրիգորյանը հույս է հայտնել, որ դա օգուտ կբերի Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ անվտանգային, ինչը բխում է երկու երկրների շահերից։ Հենց այս նպատակով էլ նաև Հայաստանի և Իրանի ուժային կառույցների ղեկավարների միջև պարբերաբար տեղի են ունենում բարձր մակարդակի շփումներ։
Ավելացնել նոր մեկնաբանություն