Ռոտերդամի քաղաքապետը քննադատության է ենթարկել Ադրբեջանին՝ Բերձորի միջանցքի փակման համար
Նիդեռլանդների «Քրիստոնեական միություն» կուսակցությունը քննադատել է Ռոտերդամի քաղաքապետ Ահմեդ Աբութալեբին նախորդ տարվա դեկտեմբերին Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման համար և գրավոր հարցեր է տվել այս մասին։ Այս մասին տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ կուսակցության ներկայացուցիչ Տ. Ֆոնկը հանդիպման վերաբերյալ գրավոր հարցեր է ուղարկել քաղաքապետարանի գործադիր խորհրդին՝ նշելով, որ կուսակցության տեսակետից այս հանդիպումը խիստ անցանկալի է։ Դիմումում նշվել է, որ Ադրբեջանը մի երկիր է, որն օկուպացրել է Հայաստանի որոշ հատվածներ՝ աղավաղելով հայ ժողովրդի դիմագիծը և ոչնչացնելով հայկական մշակութային արժեքները։
Հարցերին ի պատասխան՝ քաղաքապետը հայտնել է, որ տեղյակ է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտության մասին և պաշտպանում է Նիդեռլանդների կառավարության դիրքորոշումը, որը մտահոգությամբ հետևում է Բերձորի միջանցքի շուրջը տեղի ունեցող զարգացումներին։
Պատասխաններում նաև նշվել է, որ հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել Ադրբեջանի դեսպանի խնդրանքով, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Քաղաքապետի խոսքով՝ հանդիպման ընթացքում ինքն Ադրբեջանի դեսպանին տեղեկացրել է, որ քաղաքապետարանը պաշտպանում է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը, որը քննադատում է Ադրբեջանին։
Ֆոնկի հարցին, թե ինչպես է քաղաքապետարանը վերաբերում դեսպանի այն հայտարարությանը, թե ողջ Հայաստանի օկուպացիան Ադրբեջանի իրավունքն է, քաղաքապետը պատասխանել է, որ ինքը համամիտ չէ այդ տեսակետի հետ։
Ավելացնել նոր մեկնաբանություն