Submitted by D.Guyumjyan on
DETQ

Անհրաժեշտ է դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը. Ադամ Շիֆ

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ Բերձորի միջանցքի շրջափակման օրվանից սկսած՝ մշտապես Կոնգրեսի իր գործընկերների ու երկրի ողջ հայերի հետ կոչ է արել Սպիտակ տանը, Պետքարտուղարությանը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը քայլեր ձեռնարկել՝ Արցախի ժողովրդին ու նրա ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Ադամ Շիֆը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ 

«Քանի դեռ Ադրբեջանը մերժում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին մարդասիրական օգնություն հասցնել և Արցախից տեղափոխել շտապ բժշկական օգնություն պահանջող հիվանդներին, օր օրի աճում է միջազգային հանրության կողմից գործողություններ ձեռնարկելու և հակամարտությանը կայուն լուծում գտնելու անհրաժեշտությունը»,- գրել է նա։

Ադամ Շիֆն ընդգծել է, որ ինքն Ադրբեջանին համառորեն կոչ է արել վերացնել շրջափակումը և թույլ տալ մարդասիրական օգնության ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ «Եվ ես նախագահ Բայդենին հորդորել եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախում տիրող սարսափելի իրավիճակի լուծման համար»,- ընդգծել է ամերիկացի կոնգրեսականը։

Նրա խոսքով` ինքը դատապարտել է հրադադարի խախտումները, պահանջել հայ ռազմագերիների ազատ արձակում, ինչպես նաև կոչ արել պատժամիջոցներ սահմանել ու պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին։ «Ես միշտ հաստատակամ եմ եղել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության ապահովման իմ հանձնառության մեջ»,- հայտարարել է նա։

Ադամ Շիֆը հայտնել է, որ որպես Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ՝ ինքը նաև հանդես է եկել միջազգային գործողությունների օգտին՝ ճգնաժամին խաղաղ ճանապարհով վերջ տալու համար:

«Եթե մենք իսկապես պաշտպանում ենք ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, ապա պետք է ճանաչենք Արցախի Հանրապետության անկախությունը և դիմադրենք էթնիկ զտումներին ու ցեղասպանության սպառնալիքներին, որոնց իր նախնիների հայրենիքում բախվում է հայկական համայնքը»,- նշել է նա։

Վերջինս հավելել է, որ օգտագործելով իրենց ձեռքի տակ եղած բոլոր գործիքները՝ հնարավոր է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ այժմ և ապագայում։ «Ես ձեզ հետ եմ լինելու ամեն քայլափոխի և միշտ լինելու եմ Հայաստանի ու Արցախի ժողովրդի կողքին»,- եզրափակել է նա:

#Դետքի_հետագծով
 

Կոնգրեսական Ադամ Շիֆը, որը հայ ժողովրդի մեծ բարեկամն է, մշտապես առարկայական գնահատականներ է հնչեցնում Ադրբեջանի կողմից կատարվող ապօրինությունների վերաբերյալ և դատապարտում է դրանք։ Միևնույն ժամանակ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է Ադրբեջանի նկատմամբ հստակ քայլեր և պատժամիջոցներ սահմանել, որպեսզի վերջինս դադարեցնի Արցախի շրջափակումը, ինչի հետևանքով Արցախը հայտնվել է օրեցօր ահագնացող հումանիտար աղետի շեմին։

Ավելացնել նոր մեկնաբանություն