Իրականում Բաքվին ոչ թե խաղաղության պայմանագիր է պետք, այլ հայկական կողմին պարտադրված մի կապիտուլյացիոն փաստաթուղթ․ «Փաստ»
Երկու գործընթաց է զուգահեռվում։ Մի կողմից՝ Ադրբեջանը խոսում է բանակցությունների, հաշտության պայմանագրի կնքման մասին, սակայն մյուս կողմից էլ՝ անընդհատ խախտում է հրադադարն ու սեղմում Արցախի շուրջ շրջափակման օղակը։ Տեսանելի է, որ Ադրբեջանը երբեք չի հրաժարվելու իր ագրեսիվ նկրտումներից, բայց այդ դեպքում հարց է ծագում, թե ինչո՞ւ է Բաքվին անհրաժեշտ հաշտության պայմանագրի կնքումը։ Իրականում Բաքվին ոչ թե խաղաղության պայմանագիր է պետք, այլ հայկական կողմին պարտադրված մի կապիտուլյացիոն փաստաթուղթ, որով Հայաստանը վերջնականապես կհրաժարվի Արցախի թեմայից՝ այն համարելով Ադրբեջանի ներքին հարց, ու Բաքուն էթնիկ զտում իրականացնելու հնարավորություն կստանա։ Բայց ուշագրավ է, որ մինչ ՀՀ իշխանությունները առիթը բաց չեն թողնում հայտարարելու, թե ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,6 հազար քկմ տարածքի շրջանակներում (ներառյալ Արցախի Հանրապետությունը), Ադրբեջանը երբեք չի հայտարարել, թե ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը Նիկոլ Փաշինյանի կողմից թմբկահարվող 29,8 հազար քկմ տարածքի շրջանակներում։
Ադրբեջանական կողմին անհրաժեշտ է, որ կնքվելիք պայմանագիրը տարընթերցման առիթներ տա։ Եթե այնպիսի բովանդակությամբ պայմանագիր կնքվի, որտեղ կոնկրետ ֆիքսված չէ ՀՀ տարածքային ամբողջականությունը և սահմանները, ապա սա հնարավորություն է տալու Ադրբեջանին նոր ագրեսիա ձեռնարկել ՀՀ-ի նկատմամբ։ Իսկ հետո էլ կարող է խոսք լինել արդեն նոր փաստաթղթի մասին։ Բացի այդ, արդեն տևական ժամանակ է, ինչ Բաքվից խոսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» ադրբեջանցիների «վերադարձի» մասին։ Ու եթե սրա մասին որևէ դրույթ ամրագրվի պայմանագրում, ապա այն պայմաններ կստեղծի ադրբեջանական հավակնությունների լեգիտիմացման համար։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Ավելացնել նոր մեկնաբանություն