Submitted by D.Guyumjyan on
detq

Իրանական կողմը հայտնում է Վիետնամի հետ համագործակցության մակարդակի բարձրացման մասին

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Աբբաս Ալիաբադին հանդիպում է ունեցել Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Վոնգ Դին Հուեի և վերջինիս գլխավորած պատվիրակության հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հանդիպման ընթացքում Ալիաբադին հույս է հայտնել, որ կողմերի ջանքերը կհանգեցնեն երկու երկրների միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը։ Նա ընդգծել է, որ երկու երկրները հաջողությամբ հաղթահարել են պատժամիջոցների բարդ շրջանը և հասել մեծ հաջողությունների։

Իրանցի պաշտոնյան միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանի և Վիետնամի միջև համագործակցության մակարդակը վերջին տարիներին բարձրացել է։

Վիետնամի Ազգային ժողովի նախագահն իր հերթին բարձր է գնահատել Իրանի և Վիետնամի միջև համագործակցության խորացումը։ Նա հայտնել է, որ Վիետնամի իշխանությունները կարևորում են Իրանի հետ հարաբերությունները և կշարունակեն քայլեր ձեռնարկել դրանք էլ ավելի խորացնելու նպատակով։

#Դետքի_հետագծով

Իրանական կողմը կարևորում է նաև Հարավարևելյան Ասիայի երկրների հետ փոխգործակցության խորացումը, որն ավանդաբար համարվել է ԱՄՆ-ի ազդեցության գոտիներից մեկը։ Այդ երկրներից մեկն էլ Վիետնամն է, որի հետ Իրանն ունի բազմաթիվ ընդհանուր շահեր և այդ շահերից ելնելով՝ ամրապնդում է իր կապերը։

Ավելացնել նոր մեկնաբանություն