Submitted by D.Guyumjyan on
դետք

Հայաստանն Արցախի հարցով հրատապ նիստ գումարելու խնդրանքով դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին

Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ խնդրելով հրատապ նիստ գումարել՝ կապված Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Արցախում հումանիտար իրավիճակի վատթարացման հետ։ Այս մասին «Դետք»-ը տեղեկանում է ՄԱԿ-ի թվիթերյան պաշտոնական միկրոբլոգից։ 

Հաղորդվում է, որ Երևանը ՄԱԿ-ի ԱԽ-ին հորդորել է կանխել Ադրբեջանի զանգվածային վայրագությունները, այդ թվում՝ ռազմական հանցագործությունները։

«Հայաստանի կառավարությունը խնդրում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար պատասխանատու գլխավոր մարմնի միջամտությունը՝ կանխելու զանգվածային վայրագությունները, այդ թվում՝ ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը»,- ասվում է հայկական կողմի դիմումի մեջ։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ի ԱԽ նախագահին ուղղված նամակում  ընդգծել է՝ 2023-ի հունիսի 15-ից առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի ծայրահեղ պակասը սրվել է, երբ Ադրբեջանը լիովին փակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ արգելելով որևէ, նույնիսկ մարդասիրական մուտքը Լեռնային Ղարաբաղ, իսկ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման կանխամտածված շարունակական խափանումները ծայրահեղ վնաս են պատճառել ժողովրդի կենսագործունեությանը։

Առաջնային անհրաժեշտության սննդամթերքի և վիտամինների բացակայության պատճառով մոտ 2000 հղի կին, մոտ 30.000 երեխա, 20.000 տարեց և 9000 հաշմանդամություն ունեցող անձ պայքարում է թերսնման պայմաններում գոյատևելու համար, նշել է պաշտոնական Երևանը՝ շեշտելով, որ այս իրավիճակի արդյունքում արձանագրվել է մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ սրտանոթային հիվանդությունների և չարորակ նորագոյացությունների հետևանքով մահացությունների աճ։

«Բնակչության համար կյանքի հետ անհամատեղելի պայմանների կանխամտածված ստեղծումը ոչ այլ ինչ է, քան զանգվածային ոճրագործություն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի դեմ, և ստիպելու նրանց լքել իրենց տներն ու հայրենիքը: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ նման կոլեկտիվ պատժի կիրառումը գոյաբանական վտանգ է ներկայացնում վերջիններիս համար, եթե նրանք միայնակ մնան ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության դեմ»,- մասնավորապես գրված է ՄԱԿ-ի ԱԽ նախագահին ուղղված նամակում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից շուրջ ութ ամիս է, ինչ շարունակվում է Արցախի Հանրապետության շրջափակումը։ Եթե սկզբնական շրջանում Ադրբեջանը թույլ էր տալիս ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջոցով որոշ քանակի բեռներ տեղափոխել Արցախ, ապա հունիսի 15-ից արգելել է բոլոր տեսակի փոխադրումները, ինչի հետևանքով Արցախում իրավիճակն օր օրի վատթարանում է։

Ավելացնել նոր մեկնաբանություն